Սիրիայի զինված ուժերը Հալեպի երկու պաշարված քրդական թաղամասերի բնակիչներին կոչ են արել լքել բնակավայրը՝ զգուշացնելով, որ պատրաստվում են նոր հարվածներ հասցնել քրդերի դիրքերին։
Արդեն երկրորդ օրը շարունակվող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ, հազարավոր մարդիկ լքել են տարածքը։ Խանութները, համալսարանները և դպրոցները շարունակում են փակ մնալ։
Դամասկոսը պահանջում է ինքնավարության ձգտող քրդերից վայր դնել զենքն ու ինտերգրվել Սիրիայի բանակին, ինչի մասին կողմերը համաձայնագիր էին ստորագրել անցած մարտին։ Պայմանավորվածությունը, սակայն, իրականություն չի դարձել՝ մի շարք տարաձայնությունների պատճառով։
AFP-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում՝ քրդական Ղամիշլիում, այսօր հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ կոչ անելով միջազգային հանրությանը միջամտել։ Շատերը ցույցին մասնակցել են «ո՛չ պատերազմին» և «ո՛չ էթնիկ զտումներին» պաստառներով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և արագ վերսկսել մարտյան համաձայնագրի իրականացման բանակցությունները։
Սիրիական նոր կառավարության դաշնակից Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Սիրիայի կառավարությանը քուրդ զինյալների դեմ պայքարում, եթե Դամասկոսը օգնություն խնդրի։
Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայաբնակ Շեյխ Թահա և Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել, հայտնում է «Գանձասար» հանդեսը:
Ըստ հրապարակման, վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։
«Ներկայումս Հալեպում զգուշավոր հանդարտություն է տիրում: Երբեմն լսվում են կրակոցների ձայներ: Սննդամթերքի խանութները, հիվանդանոցները բաց են», - նշում է «Գանձասարը»:
Հալեպում բախումների ֆոինին ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ շարունակում է իր գործունեությունը: