Մատչելիության հղումներ

«Շատ հնարավոր է, որ համաձայնության հասնենք». Թրամփ

Լրացված

ԱՄՆ նախագահը կարծում է, որ Իրանում պատերազմը շուտով կավարտվի։ Դոնալդ Թրամփը Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Դրանից ժամեր առաջ էլ Սպիտակ տանն էր հայտարարել, թե վերջին մեկ օրում Վաշինգտոնը շատ լավ բանակցություններ է վարել Թեհրանի հետ։

«Նրանք ուզում են համաձայնության գալ։ Վերջին 24 ժամվա ընթացքում մենք շատ լավ բանակցություններ ենք վարել, և շատ հնարավոր է, որ համաձայնության հասնենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թեհրանը քննարկում է ամերիկյան 14 կետանոց առաջարկը, որը, ըստ աղբյուրների, կենտրոնացած է Հորմուզի նեղուցը բացելու վրա, իսկ մյուս վիճահարույց հարցերը թողնվում են ապագային: Ըստ Al Jazeera-ի՝ ակնկալվում է, որ Իրանն իր պատասխանը Պակիստանին կփոխանցի այսօր ավելի ուշ:

Միջնորդ Պակիստանը ողջունել է հնարավոր համաձայնության մասին լուրը, սակայն հայտարարել է, որ այս փուլում այլ մանրամասներ չի բացահայտի։

Արտգործնախարարությունը նաև նշել է, որ դեռ հայտնի չէ, թե որ երկրում կկայանա բանակցությունների հաջորդ փուլը՝ հավելելով, որ իրենց համար «պատիվ կլինի», եթե այն տեղի ունենա Պակիստանում։

Չնայած այս դրական ազդակներին՝ Իրանի նախագահն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին, քանզի Իրանի վրա նախկին երկու հարձակումները տեղի են ունեցել հենց բանակցությունների ժամանակ։ Նման վարքագիծը, ըստ Մասուդ Փեզեշքիանի, նման է «թիկունքից դանակով հարվածելուն»։

Ցանկացած արդյունավետ բանակցություն պահանջում է, որ դադարեցվի պատերազմը և տրվեն երաշխիքներ, որ Իրանի վրա հարձակումը չի կրկնվի, ասել է նա։ Փեզեշքիանը նաև շեշտել է, որ Հորմուզի նեղուցում ԱՄՆ ներկայությունն ու ծովային շրջափակումը խաթարել են կայունությունը ջրային այս կարևորագույն ուղում, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի 1/5-ը: Նեղուցի լիակատար բացման համար հարկավոր է, որ ԱՄՆ-ն վերացնի իր ծովային շրջափակումը, պնդել է նա:

Իրանի նախագահը նաև հայտնել է, որ հանդիպել է երկրի գերագույն առաջնորդի հետ, որը հանրության առջև չի երևացել մարտի սկզբից՝ այդ պաշտոնում նշանակվելուց և վիրավորվելուց ի վեր, և առայսօր միայն գրավոր ուղերձներ է հղել։ Փեզեշքիանը չի նշել, թե երբ և որտեղ է տեղի ունեցել Մոջթաբա Խամենեիի հետ հանդիպումը։ Սակայն նշել է, որ տպավորված է:

«Ինձ ամենաշատը տպավորեց Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հաղորդակցվելու ձևը, նրա հայացքները, համեստությունը և խորը մտերմությունը, մոտեցում, որը փոխակերպեց քննարկման մթնոլորտը՝ ստեղծելով վստահության, հանդարտության, կարեկցանքի և անմիջական երկխոսության վրա հիմնված միջավայր», - ասել է Իրանի նախագահը:

Իրանական աղբյուրներն Al Jazeera-ին ասել էին, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև քննարկվող վերջին առաջարկը կենտրոնացած է Հորմուզը վերաբացելու վրա և չի անդրադառնում Թեհրանի միջուկային խնդրին։ Սակայն Իսրայելի վարչապետը պնդում է, որ ամենօրյա ռեժիմով կապի մեջ է ԱՄՆ նախագահի հետ, և երկու առաջնորդներն էլ համաձայն են՝ հարստացված ուրանը պետք է դուրս բերվի Իրանից։

«Մենք ունենք ընդհանուր նպատակներ, և ամենակարևոր նպատակն Իրանից հարստացված նյութերի դուրսբերումն է ու հարստացման Իրանի հնարավորությունների ապամոնտաժումը։ Նախագահ Թրամփը կարծում է, որ այսպես, թե այնպես, կարող է հասնել դրան»,- նշել է Բենյամին Նեթանյահուն։

Նա նաև զգուշացրել է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, և հենց այս հրահանգն է տվել Իսրայելի Պաշտպանության բանակին և անվտանգության գործակալություններին։ «Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ Իրանը և նրա դաշնակիցներն ավելի թույլ են, քան երբևէ», - ասել է Իսրայելի վարչապետը։

Ու մինչ Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, իսրայելական բանակն օդային հարվածներ է հասցրել մի քանի քաղաքների Լիբանանի հարավում։ Կան զոհեր:

Հրադադարից հետո նաև առաջին անգամ հարվածել են մայրաքաղաք Բեյրութին, սպանել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի էլիտար «Ռադվան» ուժերի հրամանատարին:

Նեթանյահուն զգուշացրել է՝ Իսրայելի ոչ մի թշնամի անձեռնմխելիություն չունի: «Իսրայելին սպառնացող յուրաքանչյուր ոք իր կյանքը վտանգի է ենթարկում», - ասել է նա:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG