ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով Իրանում պատերազմը շուտով կավարտվի, մինչ այդ փորձելով համաձայնության հասնել՝ Հորմուզի նեղուցի և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված փակուղին հաղթահարելու համար։
«Երբ նայում ես, թե ինչեր են տեղի ունենում, մենք դա անում ենք մեկ շատ կարևոր պատճառով. մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան։ Այնպես որ, կարծում եմ, մարդկանց մեծ մասը հասկանում է դա։ Նրանք հասկանում են, որ այն, ինչ մենք անում ենք, ճիշտ է, և դա արագ կավարտվի», - նախօրեին ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նախօրեին լրագրողներին նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ՝ հավելելով, որ շատ հնարավոր է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության գան։
ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝ «Ազատություն նախագիծ»-ը, կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է համաձայնագիրը վերջնականապես կնքել և ստորագրել՝ նշելով Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ «մեծ առաջընթացը»։ Նախագահ Թրամփը շեշտել էր, որ շրջափակումը կմնա ուժի մեջ։
Նախօրեին Axios-ը և Reuters-ն իրենց աղբյուրներին հղումով հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են պատերազմն ավարտելու հուշագրի համաձայնեցմանը: Դրանով Թեհրանը պարտավորվում է հրաժարվել ուրանի հարստացումից: Դրա դիմաց Վաշինգտոնը կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները և թույլ կտա օգտվել արևմտյան բանկերում իրանական սառեցված միջոցներից: Կողմերը նաև պարտավորվում են վերացնել Հորմուզի շրջափակումը։ Ըստ Axios-ի՝ մնացել է մի քանի կետ համաձայնեցնել: Իրանցի պատգամավոր Էբրահիմ Ռեզային, սակայն, հայտարարեց, որ Axios-ի հրապարակումն «ամերիկյան ցանկությունների ցուցակ» է, ոչ ավելին: