Մատչելիության հղումներ

Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կհանդիպի Փաշինյանի հետ՝ քննարկելու Հայաստանի ԵՄ անդամակցության ձգտումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում, 1-ը ապրիլի, 2026թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում, 1-ը ապրիլի, 2026թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրա հետ կքննարկի Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ձգտումները, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Տեղի կունենա զրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հայաստանում ընտրություններից հետո մեր առաջնորդներն արդեն շփվել են: Մոտավորապես հասկանալի է՝ ինչի մասին խոսք կլինի», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը:

«Մենք նախկինի պես պնդում ենք, որ Հայաստանը չի կարող ձգտել Եվրամիությանն անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունից: Այս հարցը ինչ-որ կերպ պետք է հանգուցալուծել: Այս մասին նախագահն ու վարչապետը, անկասկած, կխոսեն», - նշել է Պուտինի օգնականը:

Ուշակովը նաև ասել է, որ Կրեմլը մտահոգված է Հայաստանում Ռուսաստանի հետ ավելի լավ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից ընդդիմադիր առաջնորդների զանգվածային ձերբակալություններով:

«Զրույցը տեղի կունենա Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների անսովոր ֆոնի վրա», - ասել է ՌԴ նախագահի օգնականը, մանրամասնելով՝ նկատի ունի այն առաջնորդներին, ովքեր պաշտպանում են և պաշտպանել են Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը։

«Այս թեման, անկասկած, կքննարկվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գործողությունները մեզ մտահոգում են», - հայտարարել է Յուրի Ուշակովը։

Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է։ Մոսկվան պնդում է՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:

Հայաստանի վարչապետը շաբաթասկզբին Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG