Մատչելիության հղումներ

«Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները». Վոլոդին

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները»:

«Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, միաժամանակ օգտվելով ԵԱՏՄ-ի հնարավորություններից, ցինիկ է։ Կցանկանայի, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր, որովհետև եթե Հայաստանը օրենք է ընդունում Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, ապա ինչո՞ւ եք օգտվում ԵԱՏՄ-ի հնարավորություններից։ Ինչո՞ւ եք խաբում դրա անդամներին։ Դա ցինիկ է, դա ճիշտ չէ։ Ասեք՝ դուք գնում եք Եվրամիությո՞ւն։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ», - «Վեստին» տված հարցազրույցում ասել է Վոլոդինը։

Երեկ էլ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էր կոշտ քննադատել Հայաստանի իշխանությանը՝ պնդելով, թե Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հեռանկար չունի, քանի որ ըստ նրա, ԵՄ-ն «քրոնիկ հիվանդություններով տառապող» կառույց է:

«Փոխարենը Հայաստանը կարող է երկար ժամանակով փչացնել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ երկրների հետ։ Այնուամենայնիվ, Հայաստանի ներկայիս իշխանության նկատմամբ գործում է միայն մեկ կանոն՝ Non mittite margaritas ante porcos՝ «մարգարիտներ մի նետեք խոզերի առաջ», - ասել է Մեդվեդևը։

Օգոստոսի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում պատրաստվում է սկսել Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը։

Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել էր դեռևս 2025 թվականի մարտին, իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանն այն ստորագրել էր նույն տարվա ապրիլի 4-ին։



XS
SM
MD
LG