«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատասխանատվությամբ կատարում է իր պարտավորությունները և ավելի քան 30 միլիարդ ռուբլու ներդրումներ է իրականացրել, այդ թվում՝ շարժակազմի թարմացման ուղղությամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Երևանի պնդումները, թե ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանին միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև պնդել է, որ Հայաստանի ղեկավարությանը «շանտաժի են ենթարկում»՝ պահանջելով վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում՝ դրա դիմաց խոստանալով ներդրումներ և մասնակցություն նոր նախագծերի։ Զախարովան նաև հայտարարել է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել ռուսական կոնցեսիայից՝ դրա դիմաց ներդրումներ և նոր նախագծերին միանալու հնարավորություններ ստանալու պայմանով, ապա «թող սկզբում ինչ-որ բան ստանա, և հետո միայն հրաժարվի ինչ-որ բանից»։
Զախարովայի այսօրվա հայտարարությունը հաջորդում է ՌԴ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը։
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները Մոսկվայում գնահատել էին որպես Արևմուտքի կողմից Երևանի նկատմամբ ճնշման արդյունք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկվում է կոնցեսիայի իրավունքը երրորդ երկրի վաճառելու հնարավորությունը։