Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին և նրա իրավապահ մարմինների գործունեությանը, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը «չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, հատկապես երբ դրանք այս կամ այն կերպ ընթանում են երկկողմ հարաբերություններին առնչվող կարգախոսների ներքո»։
«Ցավոք, շարունակվում է այն բացասական միտումը, որի վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուշադրություն էր հրավիրել ապրիլի 1-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Մասնավորապես՝ իրական բռնաճնշումների սրումը այն քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման և ամրապնդման օգտին», - ասել է Զախարովան՝ հավելելով, թե դա հիմք է տալիս ենթադրելու, որ հայ իրավապահների գործողություններն ունեն քաղաքականացված բնույթ։
ՌԴ ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունը հակասում է Երևանի այն հայտարարություններին, թե Հայաստանը չի փորձում վատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին համարել եղբայրական երկիր, որի ժողովրդի հետ իրեն կապում են դարերի ընթացքում ձևավորված առանձնահատուկ հարաբերությունները։
Այս տարվա ապրիլի 1-ին Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր, թե Ռուսաստանում հետևում են Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, և ցանկալի է, որ դրանք չվնասեն երկու երկրների հարաբերություններին։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն այսօր նաև նշել է, թե «Ռուսաստանի նկատմամբ կառուցողական դիրքորոշում ունեցող քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ ճնշումների» խստացումը լռությամբ են շրջանցում այն քաղաքական ուժերը, որոնք, ինչպես իրենք են հայտարարում, ժողովրդավարություն են բերում Հայաստան։
«Սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի իշխանությունների նոր այսպես կոչված բարեկամները շարունակում են աչք փակել այն ամենի վրա, ինչը թեկուզ ինչ-որ կերպ նպաստում է Հայաստանի նկատմամբ Եվրամիության նպատակների իրականացմանը, այն է՝ ցինիկաբար օգտագործել երկիրը, դրա ներուժը և քաղաքացիներին Ռուսաստանի հետ իրենց առճակատման մեջ», - պնդել է Զախարովան։
Այս հայտարարությունները հնչում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների շուրջ վերջին օրերին սրված հռետորաբանության ֆոնին։
Օգոստոսի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը չի պատրաստվում ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, և եթե Հայաստանը հեռացվի կազմակերպությունից, ինքը «շատ գոհ կլինի»։
Ի պատասխան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մասնավորապես, նշել էր, որ Հայաստանը կարող է ձգտել Եվրամիությանն անդամակցել, սակայն պետք է հաշվի առնի Թուրքիայի փորձը, որը տասնամյակներ շարունակ սպասում է ԵՄ անդամակցությանը։