ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կարող է քննարկվել միայն դիմում ներկայացնելուց և «ճանապարհային քարտեզի» պատրաստումից հետո, վկայում են նրա «ոչ այնքան բարձր վստահության» մասին սեփական ժողովրդի նկատմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում։
«Անհրաժեշտ է ցույց տալ ազնիվ ընտրություն. ինչի՞ միջև եք ընտրում, ինչպե՞ս եք ապրում հիմա, երբ առևտրաշրջանառությունը վերջին երեք տարիների ընթացքում գերազանցել է վեց միլիարդը, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 12 միլիարդը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ», - նշել է Սերգեյ Լավրովը։
Եվրասիական միության առաջնորդները մայիսին հայտարարություն էին ընդունել՝ Հայաստանի առջև մինչև դեկտեմբեր կողմնորոշվելու վերջնաժամկետ դնելով: Հայաստանի վարչապետն օրերս հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:
«Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո», - ընդգծել է Փաշինյանը: