Մատչելիության հղումներ

ՍԴ առնվազն երկու դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Լրացված
Սահմանադրական դատարանի դատավորներ Վլադիմիր Վարդանյան և Արտակ Զեյնալյան, կոլաժ
Սահմանադրական դատարանի դատավորներ Վլադիմիր Վարդանյան և Արտակ Զեյնալյան, կոլաժ

Սահմանադրական դատարանի դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Բարձր դատարանի որոշման մեջ որպես հիմնավորում նշված է՝ «նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»:

Երեք ամիս առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վլադիմիր Վարդանյանը ութ տարի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ էր և խորհրդարանում գլխավորում էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Կուսակցության շարքերը նա լքեց դատավոր ընտրվելուց մի քանի օր առաջ: Ավելին՝ պատգամավորական գործունեության ընթացքում հեղինակել ու հիմնավորել էր իշխող ուժի մի շարք օրենսդրական նախագծեր, որոնք արժանացել էին ընդդիմության կոշտ քննադատությանը։

Վարդանյանը Բարձր դատարանի դատավոր է ընտրվել բացառապես իր նախկին թիմակիցների ձայներով՝ ընդդիմության բոյկոտի պայմաններում։

Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանը, ում մոտ մեկ տարի առաջ այդ պաշտոնում առաջադրեց գործադիրն ու ընտրեց խորհրդարանական մեծամասնությունը, «Հանրապետություն» կուսակցության նախկին առանցքային անդամներից էր։ Բարձր դատարանում իր թեկնածության քննարկումների փուլում Զեյնալյանը դեռևս պահպանում էր Երևանի ավագանու անդամի մանդատը։ Դրան զուգահեռ՝ նա ակտիվորեն ներգրավված էր քաղաքական գործընթացներում՝ լինելով նաև «Եվրաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը։

Սահմանադրական դատարանի այս երկու դատավորներից բացի, Բարձր դատարանի ևս վեց անդամ է ընտրվել բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի քվեներով։ Դատավորներից միայն Արման Դիլանյան է, ով ՍԴ անդամ է դարձել 2018 թվականի աշնանը՝ անցումային խորհրդարանում, երբ Հանրապետական կուսակցությունը դեռ պահպանում էր մեծամասնությունը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատությանը» հայտնեց, որ իրենք պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան՝ պահանջելով բացառել նաև դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն առաջիկա դատավարությանը՝ նույն՝ կողմնակալության հիմքով:

Հունիսի 7-ի ընտրական արդյունքները դատարանում վիճարկող ուժերից մեկը Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունն է։ Իսկ 2021-ին, երբ Սեդա Սաֆարյանը դեռ դատավոր չէր, նա ընտրություններին մասնակցում էր հենց Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ընտրական ցուցակով։ Ստացվում է, որ դատավոր Սաֆարյանը պետք է որոշում կայացնի նաև իր նախկին քաղաքական գործընկերոջ գործով:

«Ազատություն»-ը փորձեց Սեդա Սաֆարյանից պարզել՝ հնարավո՞ր է արդյոք՝ նա դուրս գա գործի քննությունից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Իսկ բուն դատավարությունը կսկսվի այս ուրբաթ՝ բանավոր կարգով: Ընտրությունների արդյունքները յոթ քաղաքական ուժեր են վիճարկում, այդ թվում՝ խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» դաշինքները: Եվ եթե ընդդիմադիր վեց ուժեր իշխանությանն են մեղադրում ընտրակեղծիքների համար, դատարան դիմած «Հանուն Հանրապետության»-ը անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիրներին է համարում ընտրակեղծարար՝ պնդելով, թե ընտրակաշառքով են քվե ստացել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որ ևս այս պնդումն է անում, դատարան չի դիմել: Սահմանադրական դատարանի որոշումը ամենաուշը սպասվում է հուլիսի 4-ին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG