Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը վաղը ՍԴ-ում վիճարկելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ընդդիմությունը վաղը Սահմանադրական դատարանում վիճարկելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ չնայած այս գնահատականին. «Սահմանադրական դատարանը պետք է լինի անկախ, անվախ, պետք է ունենա քաղաքական չեզոքություն: Արդյոք Սահմանադրական դատարանն այս երեք չափանիշներին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, չի համապատասխանում»:

Ընդդիմադիր ուժերից ամենաշատ քվե ստացած «Ուժեղ Հայաստան»-ը իշխանության ստացած ձայներից շուրջ 100 հազարը կասկածելի է համարում: Քվեարկության օրը 80 հազար ընտրողի անձնագիր չի նույնականացվել, պնդում է «Ուժեղ Հայաստանի»-ն բարձր դատարանում ներկայացնող Արամ Վարդևանյանը:

Այս 100 հազարի թվում է չհրապարակվող ցուցակներում հաշվառված ընտրողների թիվը: Անցած ընտրություններում այդ ցուցակում շուրջ 11 հազար է եղել, այս տարի՝ վեց հազարով ավելացել է: Այդ ինչի՞ հաշվին, հարցնում է իրավաբան Վարդևանյանը: Սա էլ են դատարանում փորձելու պարզել:

Գաղտնի ցուցակների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից հետո պարզաբանել է: Այդ ցուցակներում քրեակատարողական հիմնարկների ընտրողներն ու զինծառայողներն են, և այդ տվյալները միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրություններում են: Որևէ ձևով հրապարակման ենթակա չեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ էր արել շահարկումներից զերծ մնալ:

Ընտրությունները իշխանության ու ընդդիմադիր ուժերի հավասար պայմաններով չեն եղել, որի վերաբերյալ վաղը հիմքեր կներկայացնեն, ամենագլխավոր խախտումը, ըստ Վարդևանյանի, երեք տեղամասում վերաքվեարկություն չանցկացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն էր: Այս տեղամասերում քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու հետևանքով երրորդ ընդդիմադիր ուժը՝ ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից:

Իշխանությանը ընտրակեղծիքների համար մեղադրող ընդդիմադիր ուժերին էլ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ընտրակաշառքով ընտրվելու համար:

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ փետրվարից մինչև հիմա ընտրական հանցագործությունների վերաբերյալ 115 քրեական գործ կա և 52 հոգի կալանավորված է, 48-ը՝ տնային կալանքի տակ: Գործերի մեծ մասը առնչվում է «Ուժեղ Հայաստան»-ին, 24-ը Ծառուկյանի առաջնորդած կուսակցությանը, 11-ը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Դատարան է հասել 14 քրեական գործ, վճիռներ դեռ չկան:

Ընդդիմադիրների ընտրակաշառքի համար մեղադրող Փաշինյանը Սահմանադրական դատարան չի դիմել: Փոխարենը ընտրակաշառքով ընտրելու հարցը Սահմանադրական դատարանում բարձրացնելու է «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, որ նվազագույն շեմն էլ չի հաղթահարել:

Քաղաքական ուժերի դիմումները քննող դատավորների կազմում է Սեդա Սաֆարյանը, որ 2021-ի ընտրություններում «Հանուն Հանրապետության» մասնակցությամբ դաշինքի երրորդ համարն էր:

Սահմանադրական դատարանի օրենքով՝ դատավորի մասնակցությունը որևէ գործին անհնարին է, եթե կանխակալ վերաբերմունք կա դատավարության մասնակիցների նկատմամբ: Վաղվա նիստին Սաֆարյանի մասնակցելու անհնարինության վերաբերյալ ՍԴ-ում հունիսի 21-ին նիստ էր հրավիրվել, բայց որոշում չեն ընդունել, բավարար թվով ձայներ չեն եղել:

Արդյոք նույն ինքը Սեդա Սաֆարյանը, որ նախկին իշխանությունների օրոք պայքարում էր օրենքի խախտումների դեմ, խնդիր չի տեսնում իր մասնակցության վերաբերյալ, դատավոր Սաֆարյանից պարզել չհաջողվեց: Նա զանգերին չպատասխանեց: Իսկ դատարանում «Ուժեղ Հայաստանի» հիմնավորումները ներկայացնող Արամ Վարդևանյանը պնդում է՝ Սեդա Սաֆարյանը իրավունք չունի մասնակցելու վաղվա նիստին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG