Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը քիչ առաջ դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով բացառել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն առաջիկայում կայանալիք ընտրությունների վեճի վերաբերյալ գործի քննությանը։
Դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ փաստարկները, որոնք ներկայացրել են, վերաբերում են թե Սեդա Սաֆարյանի հրապարակային ելույթներում արտահայտած «կողմնակալ դիրքորոշմանը», երբ նա շնորհակալություն էր հայտնում իշխանությանը՝ իրեն այդ պաշտոնում առաջադրելու համար, թե «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունեցած բացասական ու կողմնակալ վերաբերմունքին և թե նաև այն հանգամանքին, որ 2021-ին, երբ Սեդա Սաֆարյանը դեռ դատավոր չէր, ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ընտրական ցուցակով։
Հունիսի 7-ի ընտրական արդյունքները դատարանում վիճարկող ուժերից մեկը Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունն է։ Եվ այժմ, ըստ փաստաբանի, ստացվում է, որ դատավոր Սաֆարյանը պետք է որոշում կայացնի նաև իր նախկին քաղաքական գործընկերոջ գործով։
Սահմանադրական դատարանը հայտնել էր, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումներով գործերը միավորել են և քննվելու են դատարանի նույն նիստում՝ հունիսի 26-ին:
Մինչև հունիսի 26-ին կայանալիք նիստը ՍԴ-ն պետք է «Հայաստան» դաշինքի դիմումի վերաբերյալ որոշում կայացնի։
Սեդա Սաֆարյանը Քոչարյանի իշխանության վերջին օրերին՝ 2008 թ. մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ է եղել։ Ավելի ուշ, երբ Քոչարյանը դատարանի առաջ կանգնեց Մարտի 1-ի գործով, Սաֆարյանը, որպես փաստաբան, պաշտպանում էր զոհերի հարազատների իրավունքները, մասնավորապես նա Մարտի 1-ի գործով տուժող՝ Արթուր Ավագյանի ներկայացուցիչն էր։
Ավելի վաղ, որոշվեց, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Բարձր դատարանի որոշման մեջ որպես հիմնավորում նշվել էր՝ «նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»:
Սահմանադրական դատարանն ունի 9 անդամ։
Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ բարձրագույն դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգը», և երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»: