Մատչելիության հղումներ

Կառավարությունում ընդունել են բողոքող բեռնափոխադրողներին․ նրանք դեռ պատասխանների են սպասում

Բեռնափոխադրողներն և վարորդները ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ, 13-ը հուլիսի, 2026թ.
Բեռնափոխադրողներն և վարորդները ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ, 13-ը հուլիսի, 2026թ.

Օրերս կառավարությունում ընդունել են նախորդ շաբաթ բողոքի ակցիայի դուրս եկած բեռնափոխադրողներին և վարորդներին։ Բեռնատարի վարորդ Վարդան Վարդանյանն ասում է՝ այս անգամ իրենց լսելու էին եկել միանգամից մի քանի կառույցների ներկայացուցիչներ:

«Տարածքային կառավարումից եղել են, Մաքսայինից եղել են, Կառավարությունից եղել են, մի 4-5 ոլորտից մարդիկ եղել են: Էս անգամ նոր զգացել ենք, որ մենք հանդիպում ենք ունեցել», - ասաց Վարդանյանը:

Հանդիպման ընթացքում բեռնափոխադրողները պահանջել են, որ Կառավարությունը բանակցի Ռուսաստանի հետ և հայկական փոխադրողներն էլ ստանան միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ թույլտվությունները, որոնք հնարավորություն են տալիս, օրինակ, Վրաստանից բեռ տեղափոխել Ռուսաստան։

Բեռնափոխադրողները նաև պահանջել են, որ Հայաստանի կառավարությունը բանակցի Վրաստանի հետ՝ սահմանային խնդիրները լուծելու համար, իսկ Եվրամիության երկրների հետ քննարկեն վարորդների վիզաների ու փոխադրումների թույլտվությունների հարցերը: Դժգոհում են՝ շենգեն վիզա ստանալը բարդ ու երկար գործընթաց է իրենց համար: Ասում են՝ ավելի քան 2 ամիս է ինչ հազարավոր բեռնափոխադրողներ գրեթե չեն աշխատում, պատճառն, ըստ նրանց, հայ և օտարերկրյա բեռնափոխադրողների համար ստեղծված անհավասար պայմաններն են:

«Մեր մեքենաներին առավելություն տրվի, որովհետև օտարազգի մեքենաները մեզ շուկաներից դուրս են հանել: Ճանապարհը որ փակ է, արտահանումները չկան, մենք այստեղից բեռ չունենք, որ գնանք, ավտոմատ մնում ենք շուկայից դուրս: Վրաստանից իրեք բարձում են, բարձր գներով գնում են Մոսկվա, Մոսկվայից մեր հայկական բեռը վերցնում են, ետվերադարձի բեռ, հետ են գալիս», - ասաց վարարոդներից մեկը:

Նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ հավաքված բեռնափոխադրողները բացատրում էին, թե որքան կարևոր է, որ հայկական փոխադրողներին նույնպես միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ «դոզվոլները»՝ թույլտվություններ տրամադրեն:

Այդ փաստաթուղթը փոխանակվում է երկրների միջև՝ միջկառավարական համաձայնագրերի շրջանակում: Բեռնափոխադրողների խոսքով՝ այսօր վրացական և այլ երկրների ընկերություններն այդ իրավունքն ունեն, իսկ հայկականները՝ ոչ:

«Լոգիստական ընկերություններն էլ պետք է հարկային դաշտ մտնեն», - ասում են վարորդներն ու նշում, որ դրանք այսօր սնկի նման բազմանում են:

Բեռնափոխադրողների նշած խնդիրները խորացել են հատկապես վերջին ամիսներին Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումներից հետո, երբ արգելվեց հայկական գյուղմթերքի, խմիչքի, ծաղիկների ներմուծումը: Արդյունքում Հայաստանից արտահանվող բեռները կտրուկ նվազել են, իսկ բեռնափոխադրողները հաճախ ուղղակի աշխատանք չեն ունենում:

Կառավարության անդամների հետ հանդիպմանը ներկա բեռնատարի վարորդ Վարդան Վարդանյանն ասաց՝ ոլորտի հիմնական խնդիրներն ու պահանջները ներկայացրել են, սպասում են, որ պաշտոնյաները դրանք փոխանցեն արձակուրդում գտնվող վարչապետին և հետո իրենց պատասխանեն, թե որ հարցին ինչ ընթացք է տրվել: Ասում են՝ «երկար սպասել չեն կարող»:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG