Մատչելիության հղումներ

Փաշինյանը վերահաստատեց Երևանի հավատարմությունը ԵԱՏՄ-ին, կրկին բացառեց ԵՄ հարցով հանրաքվեն

Ղրղզստան - ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները, Չոլպոն-Ատա, 6-ը օգոստոսի, 2026թ.
Ղրղզստան - ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները, Չոլպոն-Ատա, 6-ը օգոստոսի, 2026թ.

Հայ-ռուսական լարվածության և հայկական ապրանքների դեմ Մոսկվայի նորանոր սահմանափակումների ֆոնին՝ ԵԱՏՄ նիստի բաց հատվածում Ռուսաստանի վարչապետ Միշուստինը նախընտրեց առհասարակ չանդրադառնալ խնդրին, իսկ Նիկոլ Փաշինյանի գնահատականներն ավելի մեղմ էին։ Եթե մինչ Ղրղզստան մեկնելը Հայաստանի վարչապետը պնդում էր, թե ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար է, ապա այսօր խոսեց միայն որոշ սկզբունքների լիարժեք չգործելու մասին՝ ընդգծելով, որ դա ամբողջ միավորման ընդհանուր խնդիրն է:

«Առանձին սահմանափակումներ և վարչական միջոցներ շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով գործարարության պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրման գործընթացների արդյունավետությունը», - հայտարարեց Փաշինյանը, - «Հայաստանն ապահովում է բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տնտեսվարողների գործունեության համար։ Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ համանման մոտեցում պետք է կիրառվի Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում»։

Շարունակելով թեման՝ Հայաստանի վարչապետը, առանց պատժամիջոցներ սահմանող Ռուսաստանի անունը տալու, ընդհանրական ձևակերպմամբ ընդգծեց՝ ապրանքների ու ծառայությունների մուտքը սահմանափակող ցանկացած քայլ պետք է արվի բացառապես ԵԱՏՄ իրավական ընթացակարգերով։ Հակառակ դեպքում, ըստ նրա, անտեսված խնդիրները հարվածում են հենց Միության հեղինակությանը:

«Հենց այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ժամանակին վերացնել առաջացող խոչընդոտները, կանխել ԵԱՏՄ-ի ներսում առևտրատնտեսական հարաբերությունների անկումը, նվազագույնի հասցնել հեղինակությանն առնչվող գործարար ռիսկերը, ինչպես նաև հետևողականորեն ամրապնդել փոխադարձ վստահությունը», - ասաց Փաշինյանը:

Չնայած Հայաստանի վարչապետի բարձրացրած մտահոգություններին ու խնդիրներին՝ նիստում դրանց վերաբերյալ որևէ արձագանք չհնչեց: Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերը ԵԱՏՄ անդամ երկրներին վարչապետները թողեցին անպատասխան: Ավելին՝ Ռուսաստանի վարչապետի ելույթը, որը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի խոսքին, ոչ թե խնդիրների, այլ ձեռքբերումների և առաջիկա անելիքների մասին էր:

«Նույնիսկ գլոբալ մարտահրավերները հաշվի առնելով՝ մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա ենք տեսնում։ Հունվար-մայիսին աճել է իրական համախառն ներքին արդյունքը, ինչպես նաև արդյունաբերական արտադրությունը, գյուղատնտեսությունը և մանրածախ առևտուրը։ Աճում է նաև մեր փոխադարձ առևտուրը», - հայտարարեց Միխայիլ Միշուստինը:

Տնտեսական ցուցանիշները չշրջանցեց նաև Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը, սակայն, շեշտը դրեց ոչ թե Հայաստանի ստացած օգուտների, այլ ԵԱՏՄ-ին փոխանցվողի վրա: Նրա խոսքով՝ Հայաստանը Միության ընդհանուր բյուջե ավելի շատ միջոցներ է փոխանցել, քան ստացել է: Բացի այդ՝ վարչապետը շեշտեց, որ հայկական կողմը ոչ միայն վաճառում, այլև 5 միլիարդ դոլարի ներմուծմամբ ակտիվորեն սպառում է ԵԱՏՄ ապրանքները:

«Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանը ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր շուկայի մասնակից է, այլև Միության անդամ պետություններում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների կարևոր սպառող», - նշեց Փաշինյանը:

Չնայած հրապարակավ դժգոհություններին՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Երևանի հավատարմությունը կառույցին՝ հայտարարելով, թե ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, ինչն իր արտացոլումը կգտնի նաև Կառավարության նոր ծրագրում։ Վարչապետը թե՛ նիստում, թե՛ նիստից հետո ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում դարձյալ շեշտեց՝ Հայաստանում Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդազուրկ. - «Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում՝ ոչ լեգիտիմ»։

Նույնը երեկ ընդգծել էր նաև Ազգային ժողովի նորընտիր նախագահը՝ ռուս գործընկերոջ հետ առաջին հեռախոսազրույցում։ Ռուբեն Ռուբինյանն իր նախաձեռնած զրույցում անհիմն էր որակել հայկական ապրանքների դեմ կիրառվող սահմանափակումները և կարևորել դրանց արագ լուծումը: Ռուսական կողմի տարածած հաղորդագրությունից, սակայն, պարզ է դառնում, որ Վալենտինա Մատվիենկոն էլ իր դժգոհություններն է փոխանցել Ռուբինյանին՝ դժգոհելով մասնավորապես երրորդ երկրների հարցումներով Հայաստանում ՌԴ քաղաքացիների «համակարգային ձերբակալություններից»: Թե ինչու է նման պնդում արել ռուս պաշտոնյան, հասկանալի չէ Ռուբեն Ռուբինյանին:

«Չգիտեմ ինչի մասին է խոսքը», - այսօր հայտարարեց ԱԺ նախագահը:

Անցած ամիս լրատվամիջոցները հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Երմակովը: Արդյո՞ք այս դեպքն է Մատվիենկոն համարել համակարգային, հայտնի չէ, բայց պաշտոնյան նաև զգուշացրել է՝ «նման պրակտիկայի շարունակման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան»:

ԵԱՏՄ նիստից առաջ Մատվիենկոն միակ ռուս պաշտոնյան չէր, որ հրապարակավ դժգոհել էր Երևանի քայլերից: Հայաստանի եվրոպական ձգտումներից դժգոհել էին նաև ԱԳՆ ներկայացուցիչն ու փոխվարչապետը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG