Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանը ընտանիքին է փոխանցել Բաքվի դատարանում իր վերջին խոսքի բովանդակությունը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի անդամների հետ՝ նրանց փոխանցելով փետրվարի 10-ի նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը, հայտնում է Վարդանյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«Փետրվարի 10-ին հանդես եկա եզրափակիչ խոսքով՝ փաստաբանին արգելելով ներկայացնել պաշտպանական փաստարկներ, որովհետեև տեղի ունեցողը համարում եմ ոչ թե դատ, այլ դատական ֆարս, քանի որ դատական նորմալ գործընթացի որևէ հնարավորություն չի եղել։ Ուստի, չնայած դատավորների դիմադրությանը, փաստաբանը չներկայացրեց որևէ փաստարկ կամ հիմնավորում: Իսկ ես խոսեցի շատ կարճ։ Չեմ ուզում կրկնել, հիմնական մտքերի մասին արդեն խոսել եմ դեկտեմբերին», - ասել է Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանի գործով ավելի քան մեկ տարի տևած դատավարությունն ավարտվում է։ Դատարանը երեկ գնացել է խորհրդակցական սենյակ՝ Վարդանյանի վերաբերյալ դատավճիռ կայացնելու։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 10-ի նիստում հանդես է եկել վերջին խոսքով: Նա, ըստ պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության, խոսել է ոչ թե բուն քրեական գործից, այլ ընդհանրական խոսքով է հանդես եկել։ Հայտնել է, որ ծանոթացել է Ադրբեջանի քրեական օրենսգրքին ու կալանքի տակ գտնվելու ավելի քան երկամյա ժամանակահատվածում իր համար բացահայտել է ադրբեջանական պոեզիան: Վարդանյանի դատերը լուսաբանող միակ՝ պետական լրատվական «Ազերթաջ» գործակալության փոխանացմամբ՝ «Վարդանյանը ռուսերենով կարդացել է ադրբեջանցի պոետներ Մուհամեդ Ֆիզուլիի և Հուսեյն Ջավիդի պոեմներից մի հատված: Դրանից հետո նա ավարտել է իր ելույթը»:

Ընտանիքի հետ հեռախոսազրույցում Վարդանյանը մեջբերել է դատարանում ընթերացած բանաստեղծությունից մի հատված.

«Մի կտոր անցողիկ հացի համար ծառա մի՛ եղիր»։ Եվ անգամ բենզինի գնացքների համար: Ասել ու կրկնում եմ․ պետք է հասկանանք, որ մեզ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով, առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետև, կրկնում եմ, խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։ Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Հույս ունեմ, որ մենք սա կգիտակցենք ու կհասկանանք, որ ամեն ինչ կախված է միմիայն մեզնից, ինքնավերականգնվելու, ինքներս մեզ հարգելու մեր կարողությունից՝ չկորցնելով այն գիտակցումը, որ մենք իսկապես պետք է ապրենք խաղաղության մեջ մեր տարածաշրջանում»։

Ադրբեջանում ցմահ ազատազրկման սպառնալիքի տակ գտնվող Վարդանյանը հայտնել է, որ երեկվա նիստում անդրադարձել է նաև Արցախին։

«Երեք անգամ կրկնել եմ այն, ինչն ասելուց ինձ փորձում էին ընդհատել․ Արցախը եղել է, Արցախը կա և Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Այն, որ Արցախը եղել է, կա և կլինի։ Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել և ջնջել ոչ ոքի։ Եվ ես խորապես համոզված եմ դրանում։ Ասել եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի դեռ մեր, դեռ իմ, հուսով եմ, կյանքի ընթացքում հակամարտության երեք կողմերի ղեկավարները միասին ծաղիկներ խոնարհեն ամեն մի ազգի ու կրոնի ներկայացուցիչների շիրիմներին և ներողություն հայցեն բոլոր մայրերից իրենց զոհված զավակների համար։ Հույս ունեմ, որ դա մի օր տեղի կունենա, և որ տեղի կունենա հենց հարգանքով՝ բոլորի ու միմյանց նկատմամբ»,- ասել է Վարդանյանը:

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։

XS
SM
MD
LG