Մատչելիության հղումներ

Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվի՞ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

Արդյոք Բիշքեկում Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպմանը կքննարկվի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, «Ազատության» հարցին ի պատասխան ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձագանքեց.

«Կարծում եմ՝ նախագահ Քոչարյանը պետք է կալանքից ազատ արձակվի, քանի որ դա ապօրինի է, ոչ թե որովհետև նախագահ Պուտինը պետք է խնդրի։ Արդյոք կարծում եմ, որ այդ խնդրանքով կամ դրա շուրջ պետք է ձևավորվի օրակարգը Պուտին-Փաշինյան զրույցի, ոչ, ես կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ճգնաժամն այսօր պետք է հանգուցալուծվի, որպեսզի մենք չառնչվենք տնտեսական կոլապսի, որի հետևանքները կրում են ՀՀ քաղաքացիները։ Ես ակնկալում եմ կալանքից ազատում, որովհետև դա ապօրինի է, ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն է ասում՝ իր ավագ ընկերոջ հետ բանակցելու արդյուննքում մեզ այս տնտեսական մարտահրավերներից կազատի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը, ով վերստին հայտարարեց, որ Քոչարյանի կալանավորումը քաղաքական է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով այսօր ժամանել է Ղրղզստան, սպասվում է ՌԴ նախագահի հետ հանդիպում, սա հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կլինի։

Օգոստոսի 28-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Կրեմլը մտահոգված է Հայաստանում Ռուսաստանի հետ ավելի լավ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից ընդդիմադիր առաջնորդների զանգվածային ձերբակալություններով:

«Զրույցը տեղի կունենա Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների անսովոր ֆոնի վրա», - ասել է ՌԴ նախագահի օգնականը, մանրամասնելով՝ նկատի ունի այն առաջնորդներին, ովքեր պաշտպանում են և պաշտպանել են Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց նախորդ շաբաթ։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

XS
SM
MD
LG