Հունիսի 7-ի ընտրություններում ձայների 49 տոկոսը ստացած քաղաքացիական պայմանագրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ վերադարձավ նախընտրական բառապաշարին, բայց արդեն խորհրդարանի ամբիոնից։
«Ես, այո, ձեզ դատում եմ և ես ձեզ դատելու եմ», - Փաշինյանի այս խոսքերից մոտ 10 ժամ անց Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք գործեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա կրտսեր որդու պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարաններ, ինչպես նաև Քոչարյանների ընտանիքի հետ փոխկապակցված բոլոր ընկերությունների գրասենյակներ։
Երկրորդ նախագահի դեմ հարուցված գործով մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ևս անցնում են, այդ թվում 2007-ին մահացած նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու Քոչարյանին նախագահի պաշտոնում փոխարինած Սերժ Սարգսյանը։
Ընդդիմադիրները վստահ են՝ Քոչարյանի դեմ հերթական գրոհի պատճառները զուտ քաղաքական են և իշխանության ընդդիմախոսների ճնշումների նախորդ դրվագների պարզ շարունակությունը։
Ընդդիմադիրների համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունների առջև դրված հաջորդ խնդիրն այսպես կոչված ադրբեջանական անկլավների նախ և առաջ Տիգրանաշենի հանձնումն է։ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ մեղադրանքներին ակամայից նոր լիցք հաղորդեց՝ բացատրելով, թե ինչո՞ւ է բոլոր պաշտոնական փաստաթղթերում Տիգրանաշեն կոչվող գյուղը սկսել հիշատակել բացառապես դրա ադրբեջանական անվանմամբ։
«Տաշիր գրուպի» սեփականատիրոջը պատկանող «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբն էլ այս շաբաթ դարձավ առաջին հայկական թիմը, որ կարողացավ անցնել եվրոպական երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի՝ Եվրոպա լիգայի հիմնական փուլ։
Ավելին՝ «Ազատության» տեսանյութում