Մատչելիության հղումներ

Պուտինը կարծում է՝ Ուկրաինայի հետ պատերազմը մոտենում է ավարտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ իր կարծիքով, Ուկրաինայի հետ պատերազմը մոտենում է ավարտին։

«Կարծում եմ, որ հարցը մոտենում է ավարտին», - լրագրողներին ասել է Պուտինը։ Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Եվրոպայում անվտանգային նոր կարգավորումների շուրջ՝ հավելելով նաև, որ իր համար նախընտրելի բանակցային գործընկերը Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերն է։

Նախորդ շաբաթ Financial Times-ը, հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային, գրել է, որ ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր բանակցությունների։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ-ն ունի Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու «ներուժ», և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցում է դաշինքին այդ հարցում։

Պուտինն այս հայտարարությունն արել է առանց ռազմական տեխնիկայի ցուցադրության մայիսիննյան շքերթից ժամեր անց։ Կարմիր հրապարակում ունեցած ելույթի ժամանակ նա կրկին վստահեցրել էր, որ Ռուսաստանը կհաղթի Ուկրաինային։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր մայիսի 9-ից 11-ը հրադադարի մասին, որին համաձայնվել են Ռուսաստանը և Ուկրաինան։ Թրամփը նշել է. «Ես կցանկանայի տեսնել մեծ երկարաձգում»:

Կրեմլից էլ հայտարարել էին, որ Միացյալ Նահանգները շտապում է խաղաղության համաձայնագիր կնքել՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար, սակայն որևէ համաձայնագրի հասնելը շատ հեռու է, քանի որ հարցերը շատ բարդ են, և բանակցությունները գործնականում դադարեցված են։


XS
SM
MD
LG