Մատչելիության հղումներ

Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների նոր փուլի վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ չկան․ Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում ներկայումս դադար է վերցված, իսկ հաջորդ փուլերի վերաբերյալ պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել, ըստ Interfax-ի, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ բանակցությունները «հավանաբար կվերսկսվեն», սակայն թե երբ, առայժմ հայտնի չէ։

«Հասկանալի է, թե յուրաքանչյուր կողմ ինչ պետք է անի մինչև բանակցությունների հաջորդ փուլը։ Յուրաքանչյուր կողմ ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ ուկրաինական կողմին։ Ու նրանք գիտեն, թե ինչ պետք է անել, որպեսզի հաջորդ փուլը հաջող լինի»,- ընդգծել է Ուշակովը։

Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում նշեց, թե «պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն», հավելելով. «Այս ամռանը Պուտինը պիտի որոշի, թե ինչ է անելու՝ ավելի է ընդլայնելու պատերազմը, թե անցնելու է դիվանագիտությանը»։

Երևանում Ուկրաինայի նախագահը նաև կոչ արեց եվրոպացի առաջնորդներին առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որն ուղղված կլինի ռուսական նավթարդյունաբերության, ռազմարդյունաբերության ու բանկերի դեմ:

Financial Times-ը, հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային, գրել է, որ ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցությունների։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ-ն ունի Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու «ներուժ», և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցում է դաշինքին այդ հարցում։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կլինի եռօրյա հրադադար՝ մայիսի 9-ին, 10-ին և 11-ին, նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնելով, որ հրադադարը կներառի նաև գերիների փոխանակում՝ յուրաքանչյուր երկրից 1000 հոգի:

«Այս խնդրանքը ես անձամբ եմ արել, և ես շատ եմ գնահատում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու համաձայնությունը: Հուսով եմ, որ սա շատ երկար, մահացու և դժվարին պատերազմի ավարտի սկիզբն է», - Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը:



XS
SM
MD
LG