Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ծրագիրը պատրաստ է, սակայն ընտրություններից մեկ ամիս առաջ էլ անհայտ է, թե ով է Ծառուկյանի վարչապետի թեկնածուն: Գագիկ Ծառուկյանը թեև առաջնորդում է նախընտրական ցուցակը, սակայն հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում:
Այսօր էլ ԲՀԿ քաղաքական թիմի անդամները, ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, վարչապետի թեկնածուի մասով փակագծեր չբացեցին: Ո՞րն է պատճառը, Գագիկ Ծառուկյանը չի՞ կողմնորոշվում իր վարչապետի մի քանի թեկնածուների ընտրության հարցում, թե՞ կաշկանդող այլ հանգամանք էլ կա, Իվետա Տոնոյանն ասաց. «Հարմար և պատեհ պահի Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը: Այս մասով ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ շուտով՝ առաջիկա օրերին, դուք կլսեք վարչապետի մեր թեկնածուի անունը»:
Ծառուկյանի թիմն այսօր հայտարարեց, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցում են «երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով, պնդելով, որ առանց արտաքին երաշխավորների և վերահսկման մեխանիզմների ցանկացած համաձայնություն խոցելի է:
ԲՀԿ-ն միաժամանակ պնդում է, թե մտադիր չեն վերաբանակցել խաղաղության պայմանագրի տեքստը կամ հրաժարվել միջազգային պայմանավորվածություններից, ինչի մեջ իրենց մեղադրում է իշխանությունը:
Իսկ ինչպե՞ս է Ծառուկյանի թիմը իշխանության գալու դեպքում համոզելու Ադրբեջանին ընդունել երաշխավորների միջազգային ինստիտուտը, ինչից Բաքուն մշտապես հրաժարվել է, ԲՀԿ-ի հետ ընտրություններին մասնակցող «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն «Ազատության» այս հարցին ի պատասխան՝ ասաց, թե Ադրբեջանը ամենակարող չէ, որպեսզի տարածաշրջանային և միջազգային միտումները անտեսի, իսկ միջնորդների դերում կարող են հանդես գալ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Եվրամիությունը, հնարավոր են նաև այլ դերակատարներ:
«Բավարար է, որ Հայաստանում լինի իշխանություն, որը մի քիչ սկզբունքային քաղաքականություն վարի, կարմիր գծեր ունենա, որպեսզի մեր այս շատ իրատեսական թեզը դառնա իրականություն», - ասաց Սուրենյանցը:
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանը, ով նույնպես ընդգրկվել է ԲՀԿ նախընտրական ցուցակում, կարծում է, որ ընդդիմության հաղթանակի պարագայում պետք է տեղի ունենա ներքին աուդիտ, որը կուսումնասիրի ինչպես Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթերը, այնպես էլ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ըստ նախկին արտգործնախարարի՝ եթե աուդիտի արդյունքում բացահայտվի, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կողմերի իրավահավասարությունը երաշխավորված է, ապա որևէ խնդիր չկա:
«Բայց եթե փաստաթղթերում և պայմանավորվածություններում առկա է անհամաչափություն և կողմերի պարտականությունների ոչ փոխադարձություն, դա անխուսափելիորեն կարող է բերել լարվածության ծագմանը, հետևաբար միջազգային պրակտիկայում ընդունված է, որ իրավիճակի փոփոխության կամ նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում չստորագրված պայմանագրերը կարող են կատարելագործվել», - ասաց նա:
Մինչ ԲՀԿ քաղաքական թիմն այսօր ներկայացնում էր իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները՝ երաշխավորված խաղաղություն, մրցունակ տնտեսություն, արժանապատիվ թոշակ, հանրային համերաշխություն, միասնական հայկական աշխարհ և այլն, Ծառուկյանը շրջում էր մարզերով:
Կոտայքի մարզի հանդիպումներից մեկում բնակիչներից մեկը պնդեց, թե ուրիշ ղեկավարի անուն չի ուզում լսել, ցանկանում են, որ հենց Ծառուկյանն առաջնորդի իրենց. «Մեզ պետք է քո նման ղեկավար, դու գնա, գալիս ենք քո հետևից»:
Ի դեպ, մարդիկ նաև հետաքրքրվեցին, թե ինչու է Ծառուկյանը վերջին շրջանում ձախ ձեռքով բարևում ժողովրդին:
«Մկաններս փրթել եմ: Շաբաթը 3 անգամ պարապում եմ, 3 ամիս է՝ չի լավանում», - պատասխանեց Ծառուկյանը: