Մատչելիության հղումներ

«Ապրելու երկիրն» ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստանի» հետ

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ հուշագրի ստորագրման մասին: Ըստ այդ հուշագրի՝ նրանք խորհրդարանական ընտրություններին միասին կմասնակցեն:

«Ուժեղ Հայաստանը» տարբեր ուժերի հետ երկար բանակցություններից հետո նախորդ ամիս դաշինք կնքեց հանրությանն անհայտ երկու ուժի հետ: Մեկը վերջերս ստեղծված «Նոր դարաշրջանն» է, որի ղեկավարը փաստաբան է, մյուսը դեռևս 2000-ականներից գործող և ժամանակին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ միացած «Միավորված հայեր» կուսակցությունն է:

«Ուժեղ Հայաստանից» «Ազատությանը» փոխանցել էին, որ այս ուժերի հետ հուշագրի ստորագրումը չի սահմանափակում այլ կուսակցությունների հետ բանակցությունները ինչպես դաշինքում ընդգրկվելու, այնպես էլ դաշինքից դուրս համագործակցություն տարբեր ձևաչափեր ստեղծելու հարցի շուրջ:

Միլիարդատեր գործարարի ուժին սատարելու մասին հայտարարել էին նաև Հրանտ Բագրատյանի «Ազատություն» և Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունները:

Դաշինքի ցուցակը, ըստ հրապարակված տվյալների, գլխավորելու է քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով 2021-ի ընտրություններում պատգամավոր դարձած, ապա 1.5 տարի հետո մանդատից հրաժարված փաստաբան Արամ Վարդևանյանն է, երրորդն՝ իրավաբան Գոհար Մելոյանը: Ցուցակի առաջին տասնյակում է ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը: ՏԻՄ-երի նախկին ու ներկա ղեկավարներն են ընդգրկված՝ Գյումրիի փաստացի ղեկավար, փոխքաղաքապետ, կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից Ալավերդի համայնքը մի շրջան ղեկավարած Արկադի Թամազյանը: Նա պաշտոնը կորցրեց ՔՊ-ի նախաձեռնած անվստահության արդյունքում, դուրս է եկել «Ապրելու երկրից»:

«Ապրելու երկրի» համահիմնադիր նախագահը նախկին սոցապ նախարար Մանե Թանդիլյանն է:

Երեկ Լոռու մարզում խուզարկություններ էին «Ուժեղ Հայաստանի» աջակիցների, այդ թվում՝ Գյուլագարակի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանի բնակարանում: Այվազյանը ևս դուրս է եկել «Ապրելու երկրից»:

Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների մասնակցության համար դաշինքը դեռ ԿԸՀ չի ներկայացրել իր փաստաթղթերը: Դրանք ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիրը»՝ վարչապետի առաջնորդությամբ, և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG