Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժն ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան» դաշինք անվամբ

Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք անվամբ, լրագրողներին հայտնեց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

Չնայած դրան, քաղաքական ուժի այսօրվա համագումարին տարբերանշանների վրա գրված էր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»:

«Ուժեղ Հայաստանը» տարբեր ուժերի հետ երկար բանակցություններից հետո նախորդ ամիս դաշինք կնքեց հանրությանն անհայտ «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ: Այդ ժամանակ հայտարարեցին, որ ընտրություններին մասնակցելու են «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով:

Սակայն քաղաքական ուժերի առաջադրումների մեկնարկից ընդամենը 5 օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» փոխեց Ընտրական օրենսգիրքը: Քաղաքական ուժերն այլևս հնարավորություն չունեն դաշինքի անվանման մեջ անձնանուն ներառել:

Կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հրապարակեց ընտրացուցակը, որն առաջնորդում է քաղխորհրդի անդամ, Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Գործարարի անունը ցուցակում չկա: Նա Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն ունի: Դատարանում հայտարարել էր, որ դրանցից հրաժարվելու գործընթաց է սկսել։

Գոհար Մելոյանը պնդեց՝ Սամվել Կարապետյանն է իրենց վարչապետի թեկնածուն: Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչու նրա անունը չկա ցուցակում, Մելոյանն արձագանքեց. «Որովհետև Սամվել Կարապետյանն այս պահի դրությամբ չի համապատասխանում վարչապետի համար ներկայացրած թեզերին»:

«Ուժեղ Հայաստանը» հայտարարում է՝ ընտրություններում մեծամասնություն ստանալուց հետո սահմանադրական փոփոխության նախագիծ են բերելու, որով Սամվել Կարապետյանը կկարողանա ստանձնել վարչապետի պաշտոնը:

«Ուժեղ Հայաստանի» այսօրվա համագումարին ներկա են նաև «Ապրելու երկրի» անդամները: Քաղաքական ուժն այսօր հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ հուշագրի ստորագրման մասին:

Մելոյանն ասաց, որ բաց են համագործակցության «ձեռքերը չկեղտոտած» քաղաքական ուժերի հետ, բացառում են համագործակցությունը ԱԺ-ում ներկայացվածների հետ:

Նարեկ Կարապետյանն էլ հավելեց, որ կան ուժեց, որոնց հետ քննարկում են ընթանում, սակայն փակագծեր չբացեց, թե ում մասին է խոսքը:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG