Մատչելիության հղումներ

Խաղաղություն, տնտեսություն, խոստումներ, ընդհանուր ձևակերպումներ. ինչ է խոստանում ՔՊ-ն

Խաղաղության ինստիտուցիոնալացում

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի առաջին դրույթը խաղաղության ինստիտուցիոնալացումն է. որպես հետագա առաջնային քայլեր ընդգծում են Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի շարունակությունը, TRIPP նախագծի իրագործումը, նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը:

Կրթություն

Հաջորդ դրույթով իշխող կուսակցությունը կրթությունը ռազմավարությունների ռազմավարություն է հայտարարում ու առաջնային քայլերը թվարկում՝ 100 մանկապարտեզի կառուցում, վերակառուցում ու հիմնանորոգում, մինչև երկու տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության ապահովում բոլոր խոշորացված համայնքներում, առնվազն մեկ տարով մանկապարտեզ հաճախելը պարտադիր դարձնելը:

«Քաղաքացիական պայմանագիրը» կրկին խոստանում է 300 դպրոց կառուցել կամ հիմնանորոգել, ատեստավորման համակարգով ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել, խոստանում են ուսուցիչների համար բնակարանային ապահովման ծրագիր ներդնել, ինչպես նաև համակարգերի զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Իշխող կուսակցությունը նաև խոստանում է իրականացնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի փուլը՝ տեխնոլոգիական կլաստերի կառուցումը՝ 3600 ուսանողի համար կացարանային ենթակառուցվածքներ կառուցելով:

ՌԴ-ի, ԵՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին

Հաջորդ դրույթը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է. խոստանում են շարունակել բալանսավորման քաղաքականությունը, զարգացնել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունները, կարևորում են «3+3» ձևաչափի զարգացումը, անդրադառնում Ռուսաստանի հետ հարաբերությունների «կառուցողական տրանսֆորմացիային»: Եվրամիության հետ հարաբերությունների վերաբերյալ դրույթում «Քաղաքացիական պայմանագրից» վիզաների ազատականացման մասին են խոստանում: Ընդգծում են՝ Հայաստանը շարունակելու է Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել:

«Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ–ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց և կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ–ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո՝ Հայաստանի Հանրապետությունը կդիմի ԵՄ–ի լիարժեք անդամ դառնալու համար։ Եթե ոչ՝ վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ՀՀ–ն դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր», - ասված է ծրագրում:

Բանակ, նոր Սահմանադրություն ու կաթողիկոսի հեռացում

Նախընտրական ծրագրում կրկնում են Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում վարչապետի հայտարարությունը՝ Հայաստանի կշարունակի մնալ Եվրասիական տնտեսական միությունում, քանի դեռ հնարավորություն կա: Միևնույն ժամանակ ընդգծում են՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկելու: «Քաղաքացիական պայմանագիրը» նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցության հետաքրքրվածության մասին է գրել:

Հատկանշական է, որ ուժեղ խաղաղության մասին ոչ միայն Սամվել Կարապետյանի առաջնորդած թիմն է հայտարարում, այլև հենց «Քաղաքացիական պայմանագիրը»: Իսկ բանակն, ըստ իշխանությունների, արտաքին անվտանգության ապահովման «պահեստային գործիքն է», երբ մյուս տարբերակները չեն գործել:

Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունն են մատնանշում ու կրկնում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը:

Կաթողիկոսի հեռացումը նաև նախընտրական ծրագրի մաս է. նրանց ճանապարհային քարտեզի առաջին կետը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումն է»:

Պարենային և էներգետիկ անվտանգություն

Իշխող կուսակցության կոնկրետ ու հստակ խոստումների ցանկն այդքան էլ երկար չէ, շատ են ընդհանրական ու նկարագրական ձևակերպումները. օրինակ՝ պարենային անվտանգության մասին դրույթում այսպիսի ձևակերպում կա. «Ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ պարենի ցանկը կձևավորվի այնպես, որ հնարավոր լինի արտադրել, պահել, պահեստավորել և պահպանել Հայաստանի Հանրապետությունում առանց արտաքին կախվածությունների»: Այս նախադասությունից հետևում է, որ իշխանությունները մինչ այս պահը նման ցանկ չունեն: «Ազատությունը» շաբաթներ առաջ էր անդրադարձել պարենային անվտանգության խնդիրներին:

Էներգետիկ անվտանգության մասին էլ կետ կա. կուսակցությունն ընդգծում է՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումը ինքնաբավության բացառիկ հնարավորություն է տվել, և իրենք կշարունակեն այդ ճանապարհով առաջ գնալ:

Այլ խոստումներ

Կուսակցությունն առանձին 100 կետով թվարկում է միջոցառումների ցանկը, թե կոնկրետ ինչ են խոստանում: «Ազատությունն» առանձնացրել է այն ծրագրերը, որոնք կարելի է ուղիղ համեմատել:

Այսպես՝ առաջարկում են տարեկան առնվազն 6 տոկոսի տնտեսական աճ ապահովել: Այսպիսով «Քաղաքացիական պայմանագիրն» ավելի համեստ է, քան 2021-ին. այն ժամանակ 7 տոկոսանոց աճ էին խոստանում: Արդյունաբերական արտադրանքի ծավալների 50 տոկոսի ավելացում են խոստանում՝ սակայն, չհստակեցնելով, թե ինչպես են հասնելու այդ ցուցանիշին:

Խոստանում են տարեկան առնվազն 25 հազար նոր աշխատատեղ ստեղծել և 5 տոկոսով կրճատել աղքատությունը: Իշխանություններն այս պահի դրությամբ տապալել են գործազրկության մակարդակը նվազեցնելու ու աղքատ քաղաքացիների թիվն էականորեն փոքրացնելու 2021-ին տված խոստումը:

«Քաղաքացիական պայմանագիրը» խոստանում է ինդեքսավորել կենսաթոշակներն այնպես, որ այն նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս չլինի, այսինքն՝ գնաճի համամասնության միջին կենսաթոշակը բարձրանա: Չնայած իշխանություններն այս պահին հակառակն են պնդում, ավելացած կենսաթոշակներն առայժմ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին չեն հասել:

Խոստանում են մինչ 2031 թվականը TRIPP-ի շրջանակում գործարկել առնվազն երկաթուղային, էլեկտրահաղորդման ենթակառուցվածքները, 2500 կիլոմետր ավտոճանապարհ կառուցել ու հիմնանորոգել, ավելի քիչ քան իրականացրել են նախորդ 5 տարիների ընթացքում: Հայկական արտադրանքի արտահանման ծավալների կրկնապատման մասին են գրել, թե ինչպես՝ քայլերը չեն ներկայացրել:

Խոստանում են առնվազն 10 միջազգային հավատարմագրում ունեցող որակի ստուգման լաբորատորիաներ կառուցել, 40 տոկոսով ավելացնել գյուղատնտեսական արտադրանքը, թե ինչպես՝ չեն պարզաբանում: 24-ժամյա ջրամատակարարում են խոստանում երևանցիներին, գյումրեցիներին ու վանաձորցիներին: Երևանում ազգային նոր մարզադաշտի կառուցման մասին են գրել՝ 35 հազար հանդիսականի համար, ամեն տարի երկու «համաշխարհային աստղի հյուրախաղեր կազմակերպելու» մասին են գրել:

Խոսք կա նաև ատեստավորման միջոցով թանգարաններում և գրադարաններում աշխատողների վարձատրությունը կրկնապատկելու մասին: Խոստանում են ոչ թե ավարտել, այլ մինչ 2031 թվականը սկսել Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի շինարարությունը, այն տարիներ առաջ պետք է մեկնարկած լիներ:

Իշխանությունները մի կողմից պետական պարտքի ավելացման վերաբերյալ քննադատություններին սուր են արձագանքում, մյուս կողմից՝ նախընտրական ծրագրում ուղիղ գրել են՝ դեֆիցիտը պետք է աստիճանաբար նվազի՝ մինչև առավելագույնը ՀՆԱ-ի 2 տոկոսը կազմի: Պարտքի սպասարկման ծախսերը նվազեցնելու մասին նույնպես գրել են:

Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մեկնարկի մասին նույնպես նշել են. նորություն է ժամկետը՝ պնդում են՝ մինչ 2027-ի ավարտը կընտրեն, թե ինչ տիպի տեխնոլոգիայով է այն կառուցվելու:

Երաշխավորված խաղաղություն ու աշխատատեղեր. այլ ուժերի ծրագրերից

«Քաղաքացիական պայմանագրի» հիմնական մրցակից համարվող ուժերը՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան դաշինքը» և գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանն» առայժմ իրենց նախընտրական ծրագրերը մեկ հարթակում ամբողջությամբ չեն հրապարակել: Այդուհանդերձ, հայտնի են նրանց առաջարկած հիմնական դրույթները՝ երեք ուժերն էլ երաշխավորված խաղաղության մասին են խոսում:

Նրանք նաև տնտեսական խոստումներ են տալիս՝ Կարապետյանի թիմը 5 տարում 300 հազար նոր աշխատատեղ է խոստանում, Քոչարյանի թիմակիցները՝ տարեկան 35-ից 45 հազար, մինչ գործազրկության մակարդակը կնվազի 5-6 տոկոսի: Ծառուկյանն էլ Կոտայքում մարզային վերջին այցի ժամանակ տարիներ առաջ գյուղատնտեսության նախարարությունը փակելու որոշումն էր քննադատում: Նա առայժմ չի հրապարակել, թե քանի աշխատատեղ են պատրաստվում բացել:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG