Հայաստանում առողջապահական ապահովագրության փաթեթներ վաճառող յոթ ընկերություններից չորսն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել առողջության համընդհանուր ապահովագրական պետական հիմնադրամի հետ: Ի՞նչ կտա սա հատկապես այն շահառուներին, որոնք և՛ այդ մասնավոր ընկերությունների հետ պայմանագրեր ունեն, և՛ պարտավոր են պետական ապահովագրականից օգտվել:
«Որ հասկանալի լինի՝ որ ծառայությունը որի շրջանակներում է փոխհատուցվելու, քանի հատն է բազայինի շրջանակներում փոխհատուցվելու, քանի հատը` մասնավորի, այդ բոլոր հնարավորությունները մենք իրար հետ տեխնիկապես և ինֆորմացիոն փոխանակման և փոխհաշվարկներ անելու շրջանակում պիտի ապահովենք: Սա է այսօրվա նպատակը, որ մենք ոչ թե իրար հետ ենք մրցում, այլ հակառակը՝ մենք ստեղծում ենք մի ամբողջական դաշտ, որտեղ մասնավոր ապահովագրական ընկերությունները իրար հետ մրցելով, լավագույն փաթեթներ առաջարկելով քաղաքացիներին, «պլյուս» փաթեթներ՝ կարողանալու են հեշտ աշխատել նաև պետական ապահովագրական հիմնադրամի հետ», - ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Օրինակ՝ եթե նախկինում գործող պետպատվերի շրջանակներում հաճախ էին հանդիպում դեպքեր, երբ որևէ ծառայության դիմաց մասնավոր ապահովագրականները վճարում էին, բայց հետո շահառուին տեղեկացնում, որ չեն կարող դա հաստատել, որովհետև պարզել են՝ ծառայությունը ներառված է պետպատվերի շրջանակներում, ապա, ըստ պաշտոնյաների, այս համագործակցությունից հետո քաղաքացին նման խնդիրներ չի ունենա, այս չորս ընկերությունները հասանելիություն կունենան պետական հիմնադրամի տվյալներին: Համենայն դեպս այսպես են վստահեցնում պաշտոնյաներն ու հուշագիր ստորագրած ընկերությունները:
«Հաջորդիվ, եթե անձը ունի թե՛ բազային, թե՛ նաևմասնավոր ապահովագրական փաթեթ, նրա հետ որպես ապահովագրող և հարցերին պատասխանող գուցե միասնական ձևաչափով էլ հանդես գանք, որ քաղաքացին էլ չունենա առնչություն մի քանի պետական ու մասնավոր ապահովագրականների հետ աշխատելու», - նշեց Ավանեսյանը:
Պետական հիմնադրամի հետ հուշագիր են ստորագրել «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս» ու «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները:
«Սիլ Ինշուրանս»-ի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանն ասում է՝ այսուհետ կարող են ավելի արագ ու որակյալ սպասարկել քաղաքացիներին, բացի այդ՝ «համագործակցությունը գործնական առումով տալիս է հնարավորություն բանակցել այդ բոլոր հարցերի վերաբերյալ»: «Համապատասխան փոփոխություն է նաև օրենսդրական ներմուծել, որտեղ հնարավորություն կլինի մեկ միասնական սպասարկողի միջոցով ստանալ երկու ծառայությունը զուգահեռ», - հավելեց Մելքոնյանը:
Հուշագիր ստորագրած ընկերություններից մեկն էլ շուկայի մոտ 32 տոկոսը ծածկող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն է: Տնօրեն Արևշատ Մելիքսեթյանից «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ իրենց համագործակցությունն ի՞նչ է տալու, օրինակ, իրենց հետ պայմանագիր կնքած շահառուին:
«Արմեդ» համակարգի մեջ ավելանալու են մեր հավելյալ փաթեթներն էլ, որպեսզի և հիվանդանոցները, որպես ծառայություններ տրամադրող, տեսնելու են արդեն՝ որ փաթեթն է գնում պետական հիմնադրամը, որ փաթեթն է գնում մասնավոր ապահովագրական ընկերությունում: Եվ սպասարկումը մարդը ստանալու է ոնց որ մեկ կետից, մեկ պատուհանից, ավելի հեշտ, ուղղակի ֆինանսավորումը կլինի և՛ պետական հիմնադրամից, և՛ մասնավոր ապահովագրականից», - պատասխանեց Մելիքսեթյանը: - «Հուշագրով նաև մենք ունենում ենք համագործակցություն հիմնադրամի հետ՝ մարդկանց առողջական տվյալների փոխանակման, տրամադրման միմյանց, ունենում ենք նաև հնարավորություն՝ զարգացնել համատեղ հավելյալ փաթեթներ ժամանակի ընթացքում»:
Այսօր հուշագիր կնքածներն արդեն պատրաստվում են նոր փաթեթներ ներկայացնել՝ տարեկան 50 հազարից մինչև 200 հազար դրամ և ավելի: Ստացվում է՝ աշխատող քաղաքացին և՛ պետական ապահովագրության համար պետ է վճարի, և՛ զուգահեռ վճարի ու օգտվի մասնավորից:
Իսկ ինչո՞ւ հուշագիր ստորագրած ընկերությունների շարքում չկան մյուս երեքը՝ «Ռեգո»-ն, «Արմենիա»-ն և «Նաիրի Ինշուրանս»-ը: Ավանեսյանն ասաց՝ այսօրվա չորս ընկերություններն ապահովագրական շուկայի մեծ մասն են ներկայացնում, բայց մյուս երեքի համար էլ դռները դեռ բաց են. «Մյուս երեքն էլ, որ չեն կնքել, ազատ են առաջարկելու «պլյուս» փաթեթներ, և որևէ ձևով չի սահմանափակվում նրանց տնտեսական գործունեությունը»:
«Ռեգո» և «Արմենիա» ընկերություններից «Ազատությանը» փոխանցեցին՝ հուշագիր ստորագրելու առաջարկ նախարարությունից կամ հիմնադրամից չեն ստացել: «Նաիրի Ինշուրանս»-ից էլ խոստացան պատասխանել ավելի ուշ:
Ապահովագրության ներդրման առաջին իսկ օրերից փորձագետները պնդում էին՝ նախարարությունը կտապալի ծրագիրը, եթե չհամագործակցի մասնավոր ընկերությունների հետ, որոնք արդեն տարիների փորձ ունեն:
Պետությունը փաստորեն, առանց այս մասնավոր ընկերությունների չի կարող բնակչության առողջական խնդիրների ծախսն ամբողջությամբ թեթևացնել:
«Մեր նպատակն էր, որ պետությունը իր բոլոր քաղաքացիների համար ապահովի բազային փաթեթը, որը լուծում է մարդկանց առողջական հիմնարար խնդիրները, բայց մենք նաև ակնկալում ենք, որ մասնավոր ապահովագրական ընկերություններն էլ բազային փաթեթին հավելյալ պետք է ունենան առաջարկներ, պլյուս ծառայություններ, պլյուս ավելի կոմֆորտ, ավելի սերվիսներին ուղղված հնարավորություններ», - ասաց նախարար Ավանեսյանը:
Մինչ նախարարությունը պայմանագրեր է ստորագրում մասնավոր ընկերությունների հետ, առողջապահական ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանը, որն ընդհանուր առմամբ դրական է գնահատում այս քայլը, ուշադրությունն այլ խնդրի վրա է հրավիրում։ Նրա հաշվարկներով՝ արդեն երկրորդ եռամսյակում քաղաքացիները հիվանդանոցներում կարող են հաճախ լսել հետևյալ արտահայտությունը․ «Ձեզ հերթագրում ենք»։ Իսկ օրենքով հերթագրման սպասման ժամկետը կարող է հասնել մինչև վեց ամսվա։
«Բյուջեն հաստատված է 2026 թվականի 220 միլիարդ դրամ, որից 20 միլիարդի կարգին չի վերաբերում բժշկական օգնության ծառայություններին, մոտ 200 միլիարդ: Տարվա կտրվածքով ապահովագրավճար կհավաքվի աշխատող մարդկանցից, ըստ նախնական տվյալների, մոտավորապես 54-56 միլիարդ դրամի մասին է խոսքը, չի բավարարի այս տեմպերով ,ու շատ կոշտ վերլուծությամբ՝ մինչև 50-60 միլիարդի պակասորդ է լինելու: Կսկսի զգացնելը մարտ-ապրիլ ամիսներին: Իհարկե, դա չի վերաբերում անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն ունեցող մարդկանց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Նախարարության տվյալներով՝ հունվարից մեկնարկած առողջության պարտադիր ապահովագրության շրջանակներում ավելի քան կես միլիոն քաղաքացի արդեն օգտվել է տարբեր ծառայություններից: