Մատչելիության հղումներ

Վիրահատական ճանապարհով լուծել արդարադատության հարցը. Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու նոր պատճառ է նշում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

«Խիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի, մեզ պետք ա վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը». - վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրություն փոխելու նոր պատճառաբանություն է հնչեցնում՝ հիմա, նրա բնորոշմամբ, խայտառակ վիճակում գտնվող արդարադատության հարցն է հրատապ: Իշխող ուժը շատ կարևորում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը;

«Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, և էդ մաֆիան իրա մետաստազները ունի բոլոր տեղերում. էդ մաֆիան իր մետաստազները ունի Ազգային ժողովում, Կառավարությունում, դատարաններում, Դատախազությունում, քննչական մարմիններում, Ոստիկանությունում: Հերիք ա, հերիք ա, էդ բանի, ժողովրդի ներվերը ինչքա՞ն կարելի ա քայքայել», - Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը՝ շարունակելով. - «Ասենք, մի կենտրոնից կառավարվող, որ սենց բուծած, բուծած, բուծած, բուծած, բուծած, ա լա բանի, Սերժ Սարգսյան ա, Ռոբերտ Քոչարյան ա, արդարադատությունը հիմա ինքը իրան վերարտադրում ա, պետք ա էդ վերարտադրության մետաստազը կտրել, էդ քաղցկեղը հեռացնել ուղիղ վիրահատական միջոցներով: Բա օրգանական պրոբլեմ կա, էդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի, Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից»:

Փաշինյանն ու իր թիմը ութ տարի է Հայաստանում իշխանության են, ինչո՞ւ չեն արել այդ փոփոխությունները. այս հարցը վարչապետն ինքն էլ իրեն տվեց ու անմիջապես պատասխանեց. - «Որովհետև դա առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չի, կներեք, նոր Սահմանադրությամբ ընդունված, Սահմանադրության փոփոխություններով էլ հնարավոր չի», - հայտարարեց վարչապետը, որի SMS-ով դատարանների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է հրաժարական տվել, իսկ դա ընտրովի պաշտոն է:

«Նոր Սահմանադրության փոփոխության պահանջը, ինչքան էլ ինքը փորձի դա տեղափոխել այլ դաշտ, գալիս է Բաքվից», - պնդեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը կարծում է՝ Սահմանադրություն փոխելու ներքին պահանջ չկա, և վարչապետի այսօրվա փաստարկն էլ միայն Բաքվի պահանջը քողարկելու փորձ է: Իսկ արդադադատության վատ վիճակը Փաշինյանը Սահմանադրության հետ է կապում, քանի որ, ըստ դաշնակցական պատգամավորի, ուզում է է՛լ ավելի խստացնի ընտրովի արդարադատությունը:

«Այսինքն Սահմանադրությունն ա մեղավո՞ր, որ էսօր դատավորները կատարում են քաղաքական պատվերներ: Օրինակ՝ նույն Սամվել Կարապետյանը, ինչի՞ մասին ա խոսքը: Մարդն ասում ա՝ «թող գա, էրկու բառ ասի, որ ես իմանամ՝ ինքը ինտելեկտուալ անձնավորություն ա»: Է էրկու բառ ասեց՝ բռնեցիք էդ մարդուն», - հայտարարեց Ռուստամյանը:

Վերջին երկու տարում՝ նոր Սահմանադրության նախագիծ մշակելու հանձնարարականից հետո, Փաշինյանը Մայր օրենքը փոխելու ամենատարբեր պատճառաբանություններն է բերել՝ նախորդ հանրաքվեների արդյունքները լեգիտիմ չեն, գործողը չի նպաստում Հայաստանի մրցունակությանը տարածաշրջանում:

«Մեր գործող սահմանադրությունները սկսած 1995 թվականից առնվազն լրջագույն հարց են թողել՝ արդյո՞ք դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ», - մասնավորապես հայտարարել է վարչապետը:

Վերջինն փաստարկն այն էր, որ գործող Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը կոնֆլիկտածին է. - «Ինքը ոչ թե Անկախության հռչակագիր ա, ինքը կոնֆլիկտի հռչակագիր ա»:

Ադրբեջանը հայտարարել է՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի պայմանով, որ փոխվի Մայր օրենքը: Բաքուն, մասնավորապես, այնտեղ չի ուզում տեսնել Ղարաբաղի մասին հիշատակում պարունակող Անկախության հռչակագրին հղումը: Ադրբեջանի կարծիքով՝ այն իր նկատմամբ տարածքային պահանջ է;

Մերժելով պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով, Փաշինյանն ինքն էլ Անկախության հռչակագիրը Մայր օրենքում պահելուն դեմ է արտահայտվել:

Ինչքան էլ կանխատեսվում է, որ նախագիծը հենց վարչապետի համոզմանը կհամապատասխանեցվի, բայց նրա թիմը, մեկ է, պահում է ինտրիգը, չեն հստակեցեում՝ կմնա՞ Սահմանադրությունում հղումը հռչակագրին, թե՞ կհանվի: Վերջին խոսքը, չէր թաքցրել արդարադատության նախարարը, Կառավարությանն ու իշխող ուժինն է լինելու:

Վարչապետն այսօր չհստակեցրեց՝ մինչև ընտրություններ նախագիծը կհրապարակվի՞, թե՞՝ ոչ:

Նրա թիմակից՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասաց՝ փորձելու են հանրայնացնել:

«Ակնկալում ենք մեր քաղաքացիներից ստանալու սահմանադրական մեծամասնություն և ասում ենք, որ ընտրություններից հետո գնալու ենք սահմանադրական, նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի: Եվ կարծում եմ՝ քաղաքական իմաստով լավ կլինի, որ ստացվի այնպես, որ մենք հաջողենք մեր աշխատանքներում, և ստացվի տեքստը հրապարակել մինչև ընտրությունները: Բայց, կրկնում եմ, մենք աշխատանքային փուլում ենք գտնվում, դրա համար ես չեմ կարող այս պահին կանխատեսումներ, ժամկետներ և հաստատապեսորևէ բան ասել», - նշեց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը:

Մինդեռ տարեսկզբին սահմանադրական բարեփոխումները խորհուրդը նախագահող արդարադատության նախարարն ասել էր, թե նոր Սահմանադրության տեքստը մարտին հրապարակման ենթակա կլինի: Հանրաքվեն նախատեսում են անցկացնել հունիսի 7-ի ընտրություններից հետո: Վերջին խոսքը ժողովրդինն է, որը «այո» կամ «ոչ» պիտի ասի իշխանության առաջարկին: Նախքան այդ խորհրդարանը պետք է ընդունի նախագիծը հանրաքվի դնելու որոշում, որտեղ պարզ մեծասնությունը բավարար չէ, Նիկոլ Փաշինյանի ուժին բացարձակ մեծամասնություն է պետք:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG