Մատչելիության հղումներ

Ոչ միայն Սահմանադրությունը, այլև որևէ իրավական ակտ չպիտի պարունակի մեր անկախությունը վտանգող դրույթ. Գալյան

Նոր Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը հեռացնել-չհեռացնելու հարցը սահմանադրական բարեփոխումների խորհրդի քվեարկությամբ չի որոշվելու: Արդարադատության նախարարն այսօր հայտարարեց՝ այդ հարցով որոշում կայացնողը ոչ թե խորհուրդն է, այլ իշխող ուժը:

«Քաղաքական հանձնառությունը կրում է իշխող խմբակցությունը և կառավարությունը, և որոշումների կայացման պատասխանատուն կառավարությունն է, ինչպես կառավարությունը որոշի, այնպես էլ կհրապարակվի: Խորհրդի քվեարկությամբ մի շարք մասնագիտական հարցեր են որոշվում, բայց ես կրկնում եմ, որ նույնիսկ, ես չեմ առաջնորդվում այն սցենարով կամ տեսլականով, որ խորհուրդը դեմ է լինելու որևէ դրույթի...», - ասաց նախարարը:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, Գալյանն ասում է, այնուամենայնիվ, հնարավորություն կունենա դիրքորոշում հայտնելու: Չորս տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծված այս մարմնի գործառույթները, սակայն, հստակ շարադրված են այդ նույն որոշման մեջ: Այնտեղ նշվում է, որ խորհուրդը որոշումներն ընդունում է կոնսենսուսով, անհնարինության դեպքում քվեարկությամբ:

Արդարադատության նախարարն այսօր չբացատրեց՝ ինչո՞ւ չեն առաջնորդվում վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգերով: Ընդ որում, սա վարչապետի որոշումից միակ շեղումը չէ: Փաշինյանի կարգադրությամբ խորհրդի ստեղծումից հետո պետք է ձևավորվեր մասնագիտական հանձնաժողով, հետո այդ հանձնաժողովը պետք է մշակեր սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը, ներկայացներ խորհրդին, որն էլ իր հերթին այն հաստատեր և ներկայացներ վարչապետի աշխատակազմ:

Ըստ ժամանակացույցի՝ դեռ 2023 թվականի հունիսի 30-ին խորհուրդն արդեն պետք է հաստատած լիներ հանձնաժողովի գրած Սահմանադրության փոփոխությունների բուն նախագիծը: Այժմ ո՛չ մասնագիտական հանձնաժողով կա, ո՛չ հայեցակարգ կա, ո՛չ էլ ժամկետներն են պահպանվել: Սահմանադրությունն էլ ոչ թե փոփոխվում է, այլ բոլորովին նորն է գրվում:

Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել երկու տարի առաջ, երբ Ադրբեջանի նախագահը հրապարակավ պահանջեց, որ Երևանը գործող օրենքի նախաբանից հեռացնի Անկախության հռչակագրին հղումը: Այս մասին լրագրողի դիտարկմանը Գալյանն արձագանքեց. «Մենք Ալիևի... դա Ձեր կարծիքն է, Ձեր կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն չհավակնեք ներկայացնել»:

Իլհամ Ալիևը պնդում է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ հղումն Անկախության հռչակագրին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանից: Վարչապետն անցած շաբաթ հպարտանում էր՝ ՔՊ-ն միակ ուժն է, որ ուզում է ազատվել հռչակագրից: Փաշինյանը այդ փաստաթղթում մեծ վտանգներ է տեսնում. «Հակամարտության հռչակագիր է, որովհետև մենք այդ հռչակագրում ասում ենք, որ պետություն ենք ստեղծում ոչ թե մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ապահովելու համար, այլ մենք պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի և Արևմտյան Հայաստանի համար»:

Սահմանադրական դատարանը շուրջ մեկուկես տարի առաջ էր եզրակացրել, որ Սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջ Ադրբեջանից: Այդ դեպքում ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հեռացնելու մտքից: Արդարադատության նախարարն այսօր թե՛ Սահմանադրական դատարանի որոշման հետ էր համաձայնում, թե՛ սեփական մեկնաբանությունն անում, ինչպես վարչապետը, որ Հայաստանը խաղաղությունը վտանգող իրավական ակտ չպետք է ունենա:

«Ոչ միայն Սահմանադրությունը, այլ նաև որևէ իրավական ակտ չպետք է պարունակի մեր անկախությունը, խաղաղությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը վտանգելու դրույթներ», - ասաց նա:

Ո՞րն է այդ վտանգավոր իրավական ակտը՝ նախարարն այդպես էլ չասաց: Իսկ ի վերջո ե՞րբ կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը, նախարարը չխոստացավ, բայց կարծիք հայտնեց, որ այն հանրությանը հասանելի կդառնա նախքան խորհրդարանական ընտրությունները:



XS
SM
MD
LG