Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է էլի հանրաքվեներ անցկացնել:
«Նորից կանենք հանրաքվե, մենք կգնանք, մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք», - այսօր նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասաց՝ նաև այս օրակարգը կյանքի կոչելու համար է, որ իշխող ուժը առաջիկա ընտրություններում ձգտում է ունենալ սահմանադրական մեծամասնություն. «Ինչքան մեծ մեծամասնություն ունենանք, այդ թվում՝ Սահմանադրությունը փոխելու համար»:
Փաշինյանը, որ վերջին տասն օրում ընտրողներին զգուշացնում է, թե իր ղեկավարած ուժի պարտության դեպքում աղետալի պատերազմ է լինելու, անցած շաբաթ պատերազմի պատճառների շարքում մեկն էլ ավելացրեց. «Լինելու է պատերազմ սեպտեմբերին, աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն... չեմ ասում՝ ընտրություններում հաղթի»:
Ընդդիմությունը եթե հաղթի, ըստ վարչապետի՝ խաղաղությունը կփլուզվի, և պատերազմ կլինի: Իսկ ինչո՞ւ պետք է պատերազմ լինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթի ընտրություններում, բայց չունենա սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ Ազգային ժողովի պատգամավորների 2/3-ը չլինի ՔՊ-ական: Նիկոլ Փաշինյանը սա ընտրողներին բացատրեց ոչ այնքան պարզ, բայց հասկացրեց՝ Անկախության հռչակագրից ազատվելու համար է ՔՊ-ին պետք սահմանադրական մեծամասնություն:
«Ես նախկինում խոսել եմ Անկախության հռչակագրի մասին և ուզում եմ հստակ ասել, որ այդ քննարկումները, որ մենք ունենանք նոր Սահմանադրություն, որտեղ հղում չկա Անկախության հռչակագրին, դա մեզ է պետք առաջին հերթին, որովհետև դա նշանակում է այս տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր», - նշեց նա։
Անկախության հռչակագրի հեռացումը նոր Սահմանադրությունից Ադրբեջանի նախագահի գլխավոր պայմանն է, որ ստորագրի հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված պայմանագիրը:
Դատելով Փաշինյանի խոսքերից՝ նոր մայր օրենքի նախագծում չի լինի Անկախության հռչակագրի հղումը: Սակայն հանրաքվեից առաջ խորհրդարանի պատգամավորների երկու երրորդը պետք է կողմ քվեարկի նոր Սահմանադրության նախագծին: Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չապահովի այսքան պատգամավորի կողմ ձայները, նոր Սահմանադրության ընդունման օրակարգը կտապալվի հանրաքվեի փուլ չհասած: Թե՛ այս, թե՛ անգամ հանրաքվեի փուլում նոր Սահմանադրության չընդունումը նշանակո՞ւմ է պատերազմ, Նիկոլ Փաշինյանը հարցը շրջանցեց՝ կրկին ասելով, թե ինչ կլինի, եթե իր ընդդիմախոսները հաղթեն:
«Սահմանադրությունը փոխվելու մասին չէ, ես ասում եմ՝ եթե այս ընդդիմությունը եկավ իշխանության, ինչը ես, իհարկե, պրակտիկորեն բացառում եմ ժողովրդի հետ շփումների արդյունքում, ինչու է լինելու պատերազմ», - ասաց նա:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը, որ արդեն մի քանի ամիս է՝ բոյկոտել է հանձնաժողովի նիստերը, կարծում է՝ այսօր Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հաստատեց այն, ինչ վաղուց բոլորը գիտեն՝ Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով:
«Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որի համաձայն՝ մեր Սահմանադրության տեքստի մեջ, այդ թվում նաև նախաբանի մեջ, չկա տարածքային պահանջ հարևան որևէ երկրից, այս թեման պետք է փակվեր։ Բայց քանի որ Ալիևը չփակեց թեման և շարունակեց պահանջել Սահմանադրությունից փոխել կամ նոր Սահմանադրություն ընդունել, ըստ էության, մեր իշխանությունները, այսինքն՝ որպես Ալիևի հանձնարարությունները կատարողները, շարունակեցին այն կատարել», - շեշտեց նա։
Մարուքյանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրության նախագիծը եթե հանրաքվեի փուլ հասնի, ցանկացած արդյունք խնդրահարույց է լինելու Հայաստանի համար. «Եթե մենք գնանք հանրաքվեի, թե «այո»-ն՝ դրա ընդունումը, թե «ոչ»-ը՝ դրա մերժումը, Հայաստանի համար պրոբլեմներ է առաջացնելու։ Իսկ թե արդյոք այդ հանրաքվեի տապալումից հետո կկարողանան նորն անել, դա էլ մեծ հարց է, ես չեմ ուզում՝ մենք սարքենք «Կիկոսի մահը»: Փաշինյանը պիտի ընտրվի, որ կարողանա հանրաքվե անել, դրա համար եկեք թողնենք հարցը ընտրվելուն»:
Նոր Սահմանադրության տեքստին հանրությունը ծանոթ չէ: Արդարադատության նախարարը խոստացել էր հենց մարտին այն հրապարակել: Վարչապետն այսօր ասաց՝ դեռ աշխատում են տեքստի վրա: