Մատչելիության հղումներ

Պետք է վիրահատական ճանապարհով լուծել արդարադատության հարցը. Փաշինյան

Մեզ պետք է «վիրահատական ճանապարհով լուծել» արդարադատության հարցը, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց ութ տարի Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը: Նա պնդեց, թե այն ինչ տեղի է ունենում արդարադատության համակարգում, խայտառակություն է։

ՀՀ-ում պետք է լինի այնպիսի համակարգ, որը, ըստ վարչապետի, պետք է բխի ժողովրդից, իսկ սրա համար, ասաց, անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, նոր Սահմանադրության անհրաժեշտությունը կապեց երկրում արդարություն ու արդարադատություն հաստատելու հետ՝ դարձյալ ընդգծելով, թե ՀՀ-ում հաստատված իրավակարգի նկատմամբ ալերգիա կա։

«Նոր Սահմանադրություն ընդունելու ներքին պահանջ Հայաստանում չկա, դա գալիս է Բաքվից», -վարչապետին հակադարձեց ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա՝ այն «փաթեթավորումը, թե արդարադատության պակասով է պայմանավորված», Ադրբեջանի պահանջը քողարկելու փորձ է. «Դրանով փորձում են քողարկել, ի՞նչ արդարադատություն, արդարադատություն ՀՀ-ում միակողմանի իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից», - ասաց «Հայաստան» խմբակցության անդամը:

Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ Մայր օրենքի նախաբանից չի հեռացվել հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա: Սա, Բաքվի գնահատմամբ, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է:

Անձամբ Նիկոլ Փաշինյանն է Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին որակել, կարծիք հայտնել, որ նոր Սահմանադրության նախագծում հռչակագիրը չպետք է հիշատակվի, բայց տեքստը մշակող Արդարադատության նախարարությունը, այնուհանդերձ, պահում է գլխավոր ինտրիգը՝ հանելո՞ւ, թե՞ պահելու են հղումը:

Հայաստանի սահմանադրական դատարանը վճռել էր, որ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի և այլ երկրների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում:



Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG