Նոր Սահմանադրության նախագծի տեքստը իրավական առումով պատրաստ է, քաղաքական կոնտեքստի ուղղությամբ են աշխատում, այսօր վստահեցրեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահը: Սրբուհի Գալյանն ավելի վաղ խոստացել էր այս ամսվա վերջին նախագիծը հրապարակել:
«Մեզ համար տեքստը պատրաստ է, իրավական մասը ամբողջությամբ պատրաստ է։ Այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում, և մենք շարունակելու ենք աշխատանքը խորհրդի հետ, որպեսզի չքննարկված հարցեր չմնան», - ասաց Գալյանը։
Եթե խորհուրդը նախագիծն ամբողջությամբ դեռ չի էլ քննարկել ու հաստատել, ի՞նչ տեքստ են հրապարակում: Վարչապետի որոշմամբ ստեղծված այս կառույցի վերջնական դիրքորոշումը էական չէ՞:
«Մենք տեքստ հրապարակելու ենք կամ դրույթներ հրապարակելու ենք, որպեսզի հանրության զգացողությունները շոշափենք ու անդրադարձ ունենանք, այսինքն կարծիքներ հավաքենք, փոփոխենք, և դրանք նույնպես քննարկվելու են խորհրդի հետ համատեղ։ Այսինքն, սա դինամիկ գործընթաց է, որը նաև տևող է և հրապարակումից հետո չի նշանակելու հրապարակումը, որ աշխատանքները այդ կետում ավարտվում են», - նշեց Գալյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է Անկախության հռչակագրին հղում չլինի», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Իսկ ճի՞շտ է համարում նախարար Գալյանը, որ խորհրդում քննարկումները դեռ չավարտած Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության նախաբանը՝ Անկախության հռչակագրին հղումը պատերազմի վտանգ է համարում ու հայտարարում, որ իր ղեկավարած ուժը դեմ է, որ այդ հղումը պահպանվի: Արդյոք այդպիսով չի՞ ուղղորդում խորհրդին:
«Արվում են քաղաքական հայտարարություններ, վարչապետը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, իրավունք ունի հայտարարել այն, ինչ ճիշտ է գտնում։ Բոլոր հարցերը քննարկվելու են խորհրդում, խորհրդում էլ են հավաքված մարդիկ, որոնք ունեն շատ տարբեր կարծիքներ, և մենք պարտավոր ենք լսել յուրաքանչյուրի կարծիքը», - ասաց Սրբուհի Գալյանը։
Խորհրդի 11 անդամից միայն երկուսն են ուղիղ ասել՝ դեմ են, որ պետության ծննդականը հանվի պետության Մայր օրենքի նախաբանից. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանն ու քաղհասարակությունից Արթուր Սաքունցը:
Բաքուն է պահանջում, որ Սահմանադրությունը փոխվի ու Հայաստանի անկախության հռչակագրին հղում չլինի: Փաշինյանն է միայն հայտարարել, որ իր ղեկավարած ուժը կողմ է, որ Անկախության հռչակագրի մասին հիշատակում չլինի. «Ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է»։
Իշխանությունը մտադիր է սահմանադրական հանրաքվեն անցկացնել ԱԺ ընտրություններից հետո, թե երբ, հստակ ժամկետ չի նշվել: Հանրաքվեի հարցն, ըստ էության, կախված է հունիսյան ընտրությունների արդյունքներից: Նախագիծը նախ խորհրդարանում պիտի հաստատվի, ու դրա համար պարզ մեծամասնությունը բավարար չէ, պատգամավորների ձայների 2/3-ն է անհրաժեշտ: