Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ նոր Սահմանադրությունը առաջին իսկ հանրաքվեով կընդունվի

Լրացված
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, արխիվ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, արխիվ

«Ես վարչապետի նման էդքան վատատես չեմ». - վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մի շարք այլ կուսակցականների նման, այսօր արդեն չէր կասկածում, որ եթե իրենց նախաձեռնած նոր Սահմանադրությունը դրվի հանրաքվեի, առաջին իսկ փորձից կընդունվի:

«Ես կարծում եմ, որ պետք է գնանք պլան Ա-ով, «եթե»-ներ չունենանք մեր մտքում, և կարծում եմ՝ այդտեղ խնդիր չի լինելու», - ասաց բարձրաստիճան պաշտոնյան:

Օրենքով նույնաբովանդակ հարցերն ու նախագծերը տարվա մեջ մեկ անգամից ավելի չեն կարող դրվել հանրաքվեի: Վարչապետ Փաշինյանը երեկ ասում էր՝ եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանեն. - «Նորից կանենք հանրաքվե, նորից կանենք հանրաքվե, մենք կգնանք մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք»:

Չհաջողելու դեպքում քանի՞ անգամ է «Քաղաքացիական պայմանագիր»-ը պատրաստվում սահմանադրական հանրաքվե անել:

Իշխող կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը այսօր արդեն պնդում էր՝ «չանցնելու հարց չենք քննարկել»:

Ադրբեջանական թելադրանք. Սահմանադրություն փոխելու՝ իշխանության նախաձեռնությունն ընդդիմությունն այսպես է գնահատում:

«Հրապարակային առումով Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է ոչ թե հայ հանրությանը, այլ Բաքվին, որ ինքը ամեն գնով հասնելու է Ադրբեջանի կողմից ներկայացված դրույթների կատարմանը: Կարծում եմ, որ շատ պարզ է», - հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան, արխիվ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան, արխիվ

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար այս պահի միակ նախապայման Բաքուն հենց Հայաստանի Մայր օրենքի փոփոխությունն է դնում, որի նախաբանում Անկախության հռչակագրին հղումը տարածքային պահանջ են համարում:

Հայաստանի Սահմանադրական դատարանն այդպես չի գտնում, դեռ երկու տարի առաջ քննեց ու որոշեց, որ Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում: Բայց Փաշինյանը կարծում է՝ հռչակագիրը տեքստում պահելը նոր պատերազմի դուռ է բացում:

Չնայած արդեն ամիսներ շարունակ ուղիղ չի ասվում, բայց դատելով նաև տեքստի վրա աշխատող պաշտոնյաների հայտարարություններից, թե որևէ իրավական ակտ չպիտի պարունակի անկախությունը վտանգող դրույթ, կարելի է ենթադրել՝ իշխանության նախագծում Անկախության հռչակագրին հղում չի լինի:

Խորհրդարանական ընտրություններն ու հանրաքվեն միանգամայն տարբեր գործընթացներ են և երկու տարբեր քվեարկություն են ենթադրում, բայց իշխանությունը չի թաքցնում՝ առաջիկա ընտրություններում ևս թեման թեժ են պահելու:

«Կարծում եմ, որ և՛ վարչապետին, և՛ քաղաքական թիմին կհաջողվի առաջիկա քարոզարշավի ժամանակ նաև մեր հանրությանը հասցնել, բացատրել, հանրության հետ միասնական դիրքորոշման գալ հանրաքվեի կարևորության և դրա ընդունման վերաբերյալ», - ասաց Արայիկ Հարությունյանը:

«Արդեն բացահայտ է, որ իշխող ուժը հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները վերածում է Ալիևի սահմանադրությանը «այո» կամ «ոչ» ասելու քվեարկության», - հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը՝ շարունակելով. - «Հասկանո՞ւմ եք՝ հունիսի 7-ին մեր քաղաքացիների առջև դնում է նախապայման՝ «եթե ինձ «այո» եք ասում, դա նշանակում է՝ ես գնալու եմ Սահմանադրությունը փոխեմ Ալիևի պահանջով, եթե «ոչ» եք ասում, մեղքը ձեր վիզը», պատերազմով է սպառնում»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան, արխիվ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան, արխիվ

Վարդանյանն ասում է՝ եթե հարցը հասավ հանրաքվեի, իրենք «ոչ»-ի ճամբարում են լինելու. - «Մենք էդտեղ պիտի չհասնենք: Եթե Ադրբեջանի պահանջած սահմանադրությամբ ենք մենք ապրում, Թուրքիայի պահանջած սահմանադրությամբ, էլ անկախ պետության իմաստը էդտեղ արդեն հարցականի տակ է դրվում: Սա է խնդիրը, իրենք էլ գիտեն, որ էդտեղ դժվարություններ ունեն, և դրա համար են նաև հիմա սպառնում»:

«Հիմա ասում են՝ «պիտի ընտրվենք, որ պատերազմ չլինի», հաջորդը գալու է՝ «պիտի «այո» ասեք Սահմանադրությանը, որ պատերազմ չլինի, պիտի էս տարածքները տանք, որ պատերազմ չլինի», ու հավերժ էդպես, հավերժ, դա որևէ տեղ չի կանգնելու», - վստահ է դաշնակցական պատգամավորը:

«Այն գնահատականները, որ հնչեցնում են ընդիմադիրները՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված, նոր Սահմանադրության ընդունման ... արդյո՞ք կասկածի տակ չեն դնելու նոր Սահմանադրության լեգիտիմությունը», - այս հարցին վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. - «Ոչ, չի դնում, դա բացառապես մեր ներքին գործն է»:

«Բայց եթե վարչապետը ասում է կոնֆլիկտածի՞ն է», - այս հիշեցմանն էլ Հարությունյանն արձագանքեց. - «Այո, կոնֆլիկտածին է, բայց դա մե՛զ համար է, որպեսզի Հայաստանը այլևս կոնֆլիկտ չունենա, և դա պահանջ չի: Նույնիսկ եթե, էսպես ասենք, ինչ-որ մի բառով դիտարկենք դա պահանջ, դա մեզ համար է պետք, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա կոնֆլիկտ, որովհետև դա չի վերաբերում միայն Ադրբեջանին»:

Նոր Սահմանադրության նախագիծը իշխող խմբակցության հետ էլ է քննարկվում, այսօր հաստատեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան, արխիվ

«Նոր Սահմանադրության տեքստը դեռևս քննարկման փուլում է, խմբակցության հետ էլ է, այո, քննարկվում, մեկ հանդիպում եղել է արդեն: Սրանք աշխատանքային քննարկումներ են», - ասաց Հովհաննիսյանը:

Ըստ արդարադատության նախարարի՝ Անկախության հռչակագիրը նախագծում պահել-չպահելու հարցում վերջին խոսքը մեծամասամբ իշխող ՔՊ-ականներից բաղկացած Կառավարությանն է:

«Երբ որ մենք կհասնենք այն փուլին, երբ որ քննարկումները կավարտենք, և հրապարակման ենթակա տեքստը կլինի, էդ հրապարակումը կլինի, և արդեն քննարկումները էլի կշարունակվեն՝ արդեն հանրային լայն տիրույթում», - վստահեցրեց ՔՊ խմբակցության քարտուղարը:

Հանրաքվե իշխող ուժը նախատեսում է անցկացնել խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանալուց հետո, Արայիկ Հարությունյանն ասում էր՝ ժամկետներ չեն քննարկել:

XS
SM
MD
LG