Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Պուտինը հայկական երկաթուղու հարցով ինչ են պայմանավորվել. մանրամասներ բանակցություններից

Հայաստանի վարչապետի ընկալմամբ՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո Երևանն ու Մոսկվան պայմանավորվել են աշխատել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու կոնցեսիան երրորդ երկրին վաճառելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը, սակայն, ուղիղ չի ասում՝ արդյոք սա նշանակում է, որ ամիսներ շարունակ այդ օրակարգը մերժող ռուսական կողմն ի վերջո համաձայնել է հրաժարվել երկաթուղու կառավարումից:

«Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ կա այդ ըմբռնումը, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը կոնցեսիոն իրավունքի վաճառքն է երրորդ՝ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի կողմին։ Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է, մյուս տարբերակներն ինձ իրատեսական չեն թվում»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկու օր առաջ Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպման բաց մասում 30 տարով ռուսական կառավարմանը հանձնված հայկական երկաթուղուն անդրադարձ չէր եղել, կառավարության ղեկավարն այսօր հայտնեց՝ հարցը քննարկվել է փակ ձևաչափով: Թե ինչից է վարչապետի մոտ ընկալում ձևավորվել, որ ռուսական կողմի հետ իր պատկերացրած լուծման շուրջ ըմբռնում կա, պարզ չէ: Նիկոլ Փաշինյանը ոչ այս, ոչ էլ քննարկված մյուս տարբերակներից մանրամասներ չհայտնեց:

«Որևէ ձևով այդ հարցը պետք է լուծենք։ Այսինքն՝ ինձ համար ակնհայտ է, որ ընթացիկ իրավիճակն արձանագրել ենք, որ ինքը չի կարող երկար շարունակվել և պետք է լուծումների գնալ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը։

Երկաթուղու կառավարման իրավունքն այլ երկրի փոխանցելու վերաբերյալ բոլորովին այլ են Մոսկվայի մեկնաբանությունները: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո, երեկ փոխվարչապետ Օվերչուկն էր դարձյալ շեշտել՝ Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու շահագործման կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին փոխանցելու համար:

««Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանում գործում է համաձայնագրի պայմաններին համապատասխան և պատրաստ է մասնակցել երկրի ենթակառուցվածքների զարգացմանը»,- հայտնել է Օվեչուկը։

Փաշինյանի կարծիքով՝ Ռուսաստանի փոխվարչապետի ասածները չեն արտահայտում այն մթնոլորտը, որում ընթացել է քննարկումը: Օվերչուկը երեկ նաև նշել էր, թե երկաթուղու վաճառքի հարցով Հայաստանը Ռուսաստանին պաշտոնական հարցում չի ուղարկել, հարցն էլ խորքային չի քննարկվել: Փաշինյանի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը ևս խոսել էր թեմայից՝ կրկին առանց վաճառքի մասին բառ ասելու, միայն նշել, թե Նիկոլ Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը կխոսեն այս մասին: Վլադիմիր Պուտինը կենտրոնացել էր ներդրումների հեռանկարների վրա:

Հայկական կողմը երկաթուղու կառավարումը բարեկամական այլ երկրի փոխանցելու առաջարկը բացատրում է Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի գործոնով: Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը այդ հանգամանքի բերում կորցնում է մրցակցային առավելությունը տարածաշրջանում:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր՝ եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի, բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվկականից մինչ այսօր: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրենն անգամ կոնոկրետ գումար էր նշել՝ շուրջ 400 միլիոն դոլար:

Լո՞ւրջ է արդյոք Գյումրիի ռուսական ռազմաբազայի թեման

Փաշինյանի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե ռուսական 102-րդ ռազմաբազան վաղն էլ պատրաստ են դուրս բերել Հայաստանից, եթե Երևանը հայտարարի, որ դրա կարիքը չունի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պնդեց՝ ոչ այդ հանդիպմանը, ոչ էլ նախկինում հայաստանցի որևէ պաշտոնյա ռազմաբազայի հարցը չի բարձրացրել՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ Հայաստանի համար այն կենսական նշանակություն չունի. «Եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի, որ դուրս է բերում, մենք չենք առարկի։ Եթե ՌԴ-ն որոշի, որ դուրս չի բերում, մենք պատրաստ ենք դա էլ քննարկել»։

Ռուսական ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին, հսկում է հայ - թուրքական սահմանը: Հայ- ռուսական միջպետական պայմանագրով դրա տեղակայման ժամկետն ավարտվում է 2044 թվականին:

Երևան է գալիս «Ռոսատոմի» ղեկավարը

Եթե երկաթուղու, ինչպես նաև ռազմաբազայի հարցով ռուսական կողմի հետ համագործակցության արդյունավետությունը Հայաստանը կասկածի տակ է դնում, ապա ատոմակայանի կառուցման շուրջ քննարկումները նոր փուլ են մտնում: Այս ամիս Հայաստան կժամանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ սպասում են նոր ատոմակայանի կառուցման շուրջ Ռուսաստանի առաջարկներին:

«Ատոմակայանի հարցը, ես նախկինում էլ եմ ասել, որ մեզ համար աշխարհքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը. ով մեզ լավագույն առաջարկն անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետը երկու տարի առաջ ասել էր, թե որոշել են Հայաստանում փոքր մոդուլային ատոմակայան ունենալ: Այսօր արդեն ասաց՝ եթե նոր ատոմակայանի շինարարության պահին այդ փոքր ռեակտորները լիցենզավորված չլինեն, ընտրության հարցը կբարդանա:

Փաշինյանի խոսքով.- «Այո, ցանկությունները մի բան են, իրականությունը մի բան է։ Եթե մեր որոշման ամենավերջին պահին պարզվի, որ աշխարհը չունի այդ հարցի պատասխանը, մենք ո՞նց ենք որոշում կայացնելու, փորձադաշտ է, ինչ է Հայաստանը...չենք էլ կարող կառուցել, հասկանում եք»։

Մեծամորի էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2036 թվականին: Հայաստանի իշխանությունները չեն բացառում, որ ժամկետը ևս տասը տարով երկարաձգվի:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG