Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել քննարկումներից՝ խոսելով նաև Հայաստանի եվրոպական ձգտումների, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների և Գյումրիի ռուսական ռազմաբազայի ապագայի մասին։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին տարիների լարվածության մասին՝ Պուտինը պնդել է, որ ամեն ինչ սկսվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներից և հիշեցրել 2022 թվականի Պրահայի հանդիպումը։
«Հայաստանի ղեկավարությունը, անձամբ վարչապետը Պրահայում համապատասխան փաստաթուղթ ստորագրեց և ճանաչեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այդ պահից այս հարցում մեր դիրքորոշումը շատ երկիմաստ դարձավ։ Մենք ի՞նչ է՝ կարող էինք կամ պե՞տք է միջամտեինք Ադրբեջանի ներքին գործերին», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ արևմտյան երկրներն այն ժամանակ ևս Ղարաբաղը համարում էին Ադրբեջանի մաս և Մոսկվային հավաստիացնում էին, որ կապահովվեն այնտեղ ապրող հայերի իրավունքներն ու շահերը։
«Ես ասում էի՝ ոչինչ էլ չեք ապահովի, մարդիկ պարզապես կհեռանան, և վերջ։ Թեև նախագահ Ալիևն այդ մարդկանց որևէ վատ բան չէր անի։ Նա ժամանակակից, ինտելիգենտ մարդ է, կփորձեր ապահովել նրանց շահերը, հարյուր տոկոսով, բայց նրանք միևնույն է չէին մնա։ Այդպես էլ եղավ», - հայտարարել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի համոզմամբ՝ այժմ ստեղծված իրավիճակը նաև հնարավորություն է տալիս «շրջել էջը»։
«Կարելի է էջը շրջել և առաջ շարժվել արդեն առանց հակամարտությունների, մարդկանց տեղավորել նոր բնակության վայրերում, ապաշրջափակել ենթակառուցվածքները, տնտեսական նոր կյանք սկսել, բացել սահմանները ներդրումների համար։ Իրականում դրական կողմերն էլ քիչ չեն», - ասել է նա։
«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»
Պուտինը խոսել է նաև Գյումրիում ռուսական ռազմաբազայի ապագայի մասին՝ հայտարարելով, որ Մոսկվան չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։
«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ կողքին ինչ-որ ռուսական ռազմական «թև» լինի, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտին․ «ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակ գտնվել հնարավոր չէ»
Անդրադառնալով Եվրամիությանը Հայաստանի մերձեցմանը՝ Պուտինը կրկնել է, որ դա Երևանի ինքնիշխան որոշումն է, սակայն, նրա համոզմամբ, ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։
«Եթե որոշել եք շարժվել դեպի ԵՄ՝ խնդրեմ, դա ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է։ Մեզ հայ ժողովրդի հետ պատմականորեն կապում են բարեկամության և նույնիսկ բարեկամությունից ավելի ամուր կապեր», - ասել է Պուտինը՝ շարունակելով. - «Բայց միաժամանակ և՛ մի, և՛ մյուս կազմակերպությունում գտնվել հնարավոր չէ։ Պարզապես հնարավոր չէ։ Մենք ունենք տարբեր բուսասանիտարական նորմեր, տարբեր տեխնիկական չափանիշներ, շատ բաներ կան, որոնք առնվազն այսօր անհամատեղելի են»։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանում օրենք է ընդունվել Եվրամիությանը անդամակցության գործընթաց սկսելու մասին։
«Վարչապետն ասաց՝ մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք եկել և դուրս գալու հայտ չենք ներկայացրել։ Ես ասացի՝ բայց ինչպե՞ս, եթե դուք օրենք եք ընդունել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին, նշանակում է՝ հայտարարել եք, որ ինչ-որ հեռանկարում դուրս եք գալիս ԵԱՏՄ-ից», - ասել է նա։
Պուտինի պնդմամբ՝ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ «բավական մեծ արտոնություններ» է ստանում՝ այդ թվում էներգակիրների գների և ռուսական շուկա մուտքի հարցում։
«Թող հիմա անկեղծ ասեն՝ ինչ են ուզում, որոնք են իրենց նպատակները», - հայտարարել է նա։
Փաշինյանին հրավիրել է Մոսկվա
Պուտինի խոսքով՝ Փաշինյանի հետ պայմանավորվել են հանգիստ պայմաններում շարունակել քննարկումները և մանրամասն վերլուծել հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղությունները։
«Նիկոլ Վովաևիչն առաջարկեց մեր համատեղ աշխատանքը յուրաքանչյուր ուղղությամբ խիստ վերլուծության ենթարկել։ Ես համաձայն եմ։ Ես նրան հրավիրել եմ Մոսկվա, որպեսզի առանց շտապելու՝ երկուսով, իր մասնագետների և մեր կառավարության մասնագետների հետ նստենք ու յուրաքանչյուր կետով անցնենք», - ասել է Պուտինը։
Որպես քննարկման ենթակա հարցերից մեկը նա առանձնացրել է Հայաստանի երկաթուղին, որը կառավարվում է ռուսական ընկերության կողմից։ Պուտինի խոսքով՝ ենթակառուցվածքներում ներդրումները կախված են բեռնափոխադրումների ծավալներից։
«Աստված տա՝ պատերազմական իրավիճակի ավարտից հետո ամեն ինչ այլ կերպ զարգանա, բացվի Թուրքիայի հետ սահմանը, մյուս ուղղությունները, և գուցե բեռնահոսք առաջանա։ Եթե առաջանա, այդ ներդրումները կարող է անել ցանկացած մեկը, Ռուսաստանն էլ կարող է անել», - նշել է նա։
ՀԱՊԿ-ի մասին
Պուտինն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն՝ պնդելով, որ Երևանի և կազմակերպության միջև տարաձայնությունների հիմքում հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանն էր։
«Նիկոլ Վովաևիչը կարծում էր, որ ՀԱՊԿ-ը պետք է պաշտպաներ սահմանի որոշակի հատվածներ։ Իսկ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներն ասում էին՝ ոչ, սա բոլորովին այլ պատմություն է։ Սահմանազատում չկա, սահմանի վերաբերյալ որևէ պայմանագիր չկա, չի եղել և հիմա էլ չկա», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ այս և հայ-ռուսական հարաբերությունների մյուս հարցերը փորձագիտական մանրամասն քննարկման կարիք ունեն։
«Ես սպասում եմ վարչապետին Մոսկվայում, ինչպես պայմանավորվել ենք, այս ամենը կքննարկենք», - եզրափակել է Պուտինը։