102-րդ ռուսական ռազմաբազայի հարցը Ռուսաստանի նախագահի հետ չի քննարկվել, բայց եթե «Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել», - հավելեց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, թե Հայաստանի համար ռազմաբազան կենսական նշանակություն չունի: «Բայց մենք երբեք էս ընթացքում էդ հարցը չենք բարձրացրել», - ասաց Փաշինյանը:
Երկու օր առաջ Բիշքեկում Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Գյումրիում ռուսական ռազմաբազայի ապագայի մասին՝ հայտարարելով, թե Մոսկվան չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։
«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ կողքին ինչ-որ ռուսական ռազմական «թև» լինի, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», - ասել է Ռուսաստանի նախագահը։