Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կխաբի Հայաստանին ինտեգրման հետ կապված ակնկալիքներում. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ, Ռուսաստանի փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկ, Ռուսաստանի փոխվարչապետ

Եվրոպական միությունը կխաբի Հայաստանին ԵՄ ինտեգրման հետ կապված իր ակնկալիքներում, քանզի Հայաստանը չի կարողանա բավարարել եվրոպական պահանջները, այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Ալեքսեյ Օվերչուկը այս մասին խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների՝ Բիշքեկում կայացած հանդիպումից օրեր անց, որտեղ Պուտինը կրկին Փաշինյանին հորդորեց ընտրել ԵՄ-ի ու Եվրասիական տնտեսական միության միջև։

«Նրանց [ԵՄ - խմբ.] գործն է խոստումներ տալը, և հայերի գործն է՝ խաբվե՞լ, թե՞ ոչ։ Նրանք անպայման կխաբեն, որովհետև, ինչպես ասում են, խոստանալը մի բան է, իսկ կատարելը՝ մեկ այլ»,- ռուսական «Վեստի» լրատվական գործակալությանը ասել է Օվերչուկը։

ԵՄ պահանջներին համապատասխանությունը՝ հսկայական աշխատանք

ՌԴ փոխվարչապետը բացատրել է, որ «եվրոպական պահանջներին համապատասխանելու համար անհրաժեշտ է վերակառուցել անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության համակարգերը, տեխնիկական կանոնակարգերը և հավաստագրման պահանջները»։

«Սա շատ դժվար աշխատանք է, որը հնարավոր չէ լուծել պարզապես մեկ կոճակ սեղմելով»,- ասել է Օվերչուկը։

Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ռուսաստանցի պաշտոնյան միաժամանակ ասել է, որը Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը Երևանի որոշելիքն է, այս հարցի շուրջ Մոսկվայի հետ որևէ շփում չկա:

«Ինչպես որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է,- ասել է նա:

ՌԴ-ն կորոշի, թե ինչ արտոնություններից կզրկվի Հայաստանը

Ընտրության իրավունքը թողնելով Երևանին՝ Մոսկվան այսօր կրկին ընդգծել է, թե Ռուսաստանն էլ իրեն իրավունք է վերապահում արտոնություններից զրկել Հայաստանին, եթե երկիրը որոշի գնալ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով։

«Մեր իրավունքն է լուծել հարցերը կապված այն արտոնությունների հետ, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ին մերձենալու դեպքում»,- ասել է Օվերչուկը:

ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը մայիսից սահմանափակումներ է կիրառում հայկական գյուղմթերքի ու խմիչքների նկատմամբ, նաև արգելել է դրանց տարանցումը իր տարածքով դեպի ԵԱՏՄ մյուս երկրներ: Ռուս պաշտոնյաները պարբերաբար սպառնում են, որ այս սահմանափակումներին կարող է ավելանալ նաև գազի գնի վերանայումը։ Այդ մասին նաև Վլադիմիր Պուտինն ակնարկեց վարչապետ Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ։

Երևանը հռետորաբանությունը չի փոխում

Այսօր, կառավարության նիստում խոսելով տնտեսությունից, վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ եթե նույնիսկ հենց այսօր ԵԱՏՄ շրջանակում բոլոր խնդիրները վերանան, դիվերսիֆիկացիան պետք է դառնա Հայաստանի ռազմավարությունը: «Չպետք է շեղվենք այդ ուղղությունից», - ընդգծեց Հայաստանի ղեկավարը:

Ռուսաստանի շարունակական սպառնալիքների ֆոնին՝ այս տարի Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրեց Հայաստանին: Նախօրեին էլ ԵՄ խորհուրդը համաձայնություն տվեց հայաստանյան ապրանքների համար առևտրային ժամանակավոր ազատականացման միջոցառումներին, որոնք եթե նաև Եվրախորհրդարանի հավանությանն արժանանան, հայկական արտադրության մի քանի հարյուր տեսակի ապրանքներ առանց մաքսատուրքի Եվրամիության շուկա կարող են մտնել:

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու Երևանի որոշումը գործնականում համարժեք է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարության, քանի որ անհնար կլինի միաժամանակ երկու կազմակերպության անդամ լինել։ Պուտինը դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել՝ հասկանալու, թե արդյոք հայ ժողովուրդը ցանկանում է միանալ այս դաշինքին:

Սակայն վարչապետ Փաշինյանը պնդեց՝ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունը և ԵՄ ինտեգրման գործընթացը քանի դեռ այն հնարավոր է:

Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտի 26-ին օրենք ընդունեց, որով մեկնարկեց ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG