Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին վաճառելու առաջարկին հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փաստորեն կշտամբելով Հայաստանի ղեկավարին, որ նման հարցերը ոչ թե ուղղակի Ռուսաստանի հետ են քննարկում, այլ հրապարակային հայտարարություններ են անում:
«Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված իրավիճակը, որը Ռուսական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման ներքո է։ Եվ մենք զարմանքով լսում ենք, թե ինչպես են այս հարցերի մասով, դե եթե դրանք արդեն իսկ առաջացել են, նախապես սեփական գործընկերոջը դիմելու փոխարեն հրապարակային հայտարարություններ արվում այն մասին, որ՝ «մենք կվերցնենք», «դա ընդհանրապես մերն է», և «մեզ 2 միլիարդ են պարտք»», - ասել է Լավրովը՝ շարունակելով. - «Ես հասկանում եմ, որ սա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից բացի, նաև որոշակի զգացմունքներ է առաջ բերում մեր քաղաքացիների մեջ, և ես բացառություն չեմ»:
Ռազմավարական նշանակության ընկերությունը հետ վերցնելու և այլ երկրի փոխանցելու մասին Փաշինյանն առաջին անգամ խոսեց այս տարեսկզբին: Մոսկվան կտրուկ մերժեց կառավարման փոխանցումը, հայտարարելով, որ եթե նման բան տեղի ունենա, ապա Հայաստանը ստիպված կլինի վերադարձնել ռուսական բոլոր ներդրումները, որոնք մոտ 400 միլիոն դոլար են:
Արձագանքելով՝ Փաշինյանը նշեց, որ Երևանը հաստատակամ է, սեփական երկաթուղիները տնօրինելու հարցում այլընտրանք չի տեսնում, իսկ ներդրումները վերադարձնելու մասով վարչապետն ակնարկեց, որ եթե Մոսկվան այս պահանջը պնդի, հնարավոր է, որ «Հայաստանի կողմից անվճար տրամադրվող որոշ բաների համար էլ Հայաստանը սկսի տարեկան 2 միլիարդ դոլար ուզել»: Թե ինչի համար կարող է Հայաստանը 2 միլիարդ դոլար վարձավճար պահանջել, Փաշինյանը փակագծերը չբացեց:
Ընդամենը մի քանի օր առաջ կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում դիմեց ռուս գործընկերներին՝ երկաթուղու կառավարումը երրորդ երկրին հանձնելու խնդրանքով, նշելով, որ ներդրողները, բեռնափոխադրողները խուսափում են Երասխ-Ախուրիկ երկաթուղուց, քանի որ այն գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո: Օգոստոսի սկզբին որպես երրորդ երկրի ամենահավանական թեկնածու նշվում էր Ղազախստանը, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ղազախստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել , քննարկվել է Ղազախստանի հնարավոր մասնակցությունը TRIPP-ին, իսկ մամուլը գրեց, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև կոնցենսիոն պայմանագրով ռուսական կողմից կառավարվող հայկական երկաթուղիների ղեկավարումը Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը:
Միջազգայնագետն ընդգծում է՝ ավելի կարևոր հարց կա
Միջազգայնագետ, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն ասում է՝ մինչ Հայաստանը ռուսական կառավարման գործոնն է նշում որպես հնարավոր ապաշրջափակման խոչընդոտ, ավելի կարևոր հարց կա: Նախքան ռուսական խոչընդոտի հարցը քննարկելը պետք է հասկանալ՝ իսկ Թուրքիան ու Ադրբեջանը պատրա՞ստ են Հայաստանի համար ապաշրջափակել ճանապարհները: Այս հարցին, ասում է Մելքոնյանը, դեռ հնարավոր չէ միանշանակ դրական պատասխան տալ մի քանի պատճառներով:
Առաջին պատճառը Հայաստանի ու Թուրքիայի միջև արդեն գոյություն ունեցող պայմանավորվածության չիրագործված լինելն է: Չորս տարի է, ինչ Թուրքիան պիտի բացի Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն նման բան տեղի չի ունենում: Երկրորդ հանգամանքն այն է, որ Թուրքիան իր տարածքում մինչև Նախիջևան հասնող այլ երկաթուղի է կառուցում՝ Հայաստանում գոյություն ունեցող Երասխ-Ախուրիկ գծին զուգահեռ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Թուրքիան կառուցում միլիարդներ արժեցող երկաթգիծ, եթե չի պատրաստվում շրջանցել Հայաստանի տարածքով անցնող երկաթգիծն ու Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ կապ հաստատել միայն Մեղրիով անցնելիք փոքր հատվածով՝ «Թրամփի ուղով»:
Վերլուծաբանն ասում է՝ քանի դեռ չկա հստակ հայտարարություն ու կոնկրետ գործողություններ, որ տարածաշրջանը նաև Հայաստանի համար է ապաշրջափակվում, թե որ երկիրը կլինի երկաթուղիների կոնցեսիոները, մեծ նշանակություն չունի:
«Խնդիրը նա է, որ լինի Ռուսաստանի կոնցեսիան, լինի Ղազախստանի կոնցեսիան կամ Զիմբաբվեի կոնցեսիան, հիմա, Ադրբեջանը դրանից Նախիջևանը չի բացի, կամ Թուրքիան Գյումրի-Կարսը չի բացի, կամ Թուրքիան չի նախընտրի օգտվել Կարս-Գյումրի-Երևան, հետո Նախիջևան-TRIPP-Ղարաբաղ-Ադրբեջան, չէ՞: Թուրքիան ծախսում է միլիարդ դոլարներ, որպեսզի ունենա Կարս-Նախիջևան՝ շատ հստակ, պարզ նպատակով՝ որպեսզի չօգտվի Հայաստանի Հանրապետության տարածքով և շրջանցի Իրանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սերգեյ Մելքոնյանը՝ շարունակելով. - «Հիմա, էստեղ ում ձեռքում են գտնվում մեր երկաթգծերը, դա էական որևէ նշանակություն չունի, որովհետև նախագծերը իրենք տնտեսական չեն, այլ՝ աշխարհաքաղաքական: Հետևաբար՝ եթե Թուրքիան իսկապես ցանկանար ունենալ ավելի կարճ կապ Ադրբեջանի հետ, ապա իրենք վաղուց սահմանները բացել էին»:
Հայկական երկաթուղին ռուսական կառավարմանն է հանձնվել 2008 թվականի փետրվարին՝ 30 տարով, պայմանագիրն ավարտվելու է 12 տարի անց՝ 2038-ին, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք հնարավոր կլինի՞ մինչ այդ երրորդ երկրի տալ երկաթուղիների կառավարումը կամ վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Սերգեյ Մելքոնյանի խոսքով՝ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությունների պայմաններում Ռուսաստանը է՛լ ավելի շատ է շահագրգռված տարածաշրջանում ռազմավարական ենթակառուցվածքներով: