Մատչելիության հղումներ

«Փաշինյանը բռնանում է ժողովրդի ազատ ընտրության կամքի վրա». ընդդիմության ահազանգը տեղական և միջազգային կառույցներին

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, արխիվ
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, արխիվ

Խորհրդարանական ընդդիմությունն ահազանգում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնանում է ժողովրդի ազատ ընտրության կամքի վրա՝ շանտաժի միջոցով փորձելով ստիպել ընտրողներին հունիսի 7-ին քվեարկել իր օգտին, պնդելով, թե հակառակ դեպքում պատերազմ կլինի:

«Լինելու ա սեպտեմբերին, չի ուշանալու այլևս», - հայտարարել է Փաշինյանը, - «Ըլնելու ա պատերազմ սեպտեմբերին, աղետալի պատերազմ»:

«Սա արդեն իսկ քրեական հանցագործություն է», - հակադարձում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, - «Մարդկանց կամքի վրա ազդելու սպառնալիք է, որն արգելված է և քրեորեն պատժելի արարք է»:

«Դու շանտաժ ես անում քաղաքացիներին, դու սպառնում ես քաղաքացիներին», - իր հերթին, պնդում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Արծվիկ Մինասյանի պնդմամբ՝ Փաշինյանը քրեական հանցագործություն է կատարում, և Գլխավոր դատախազությունը պարտավոր է վարույթ հարուցել Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի հատկանիշներով՝ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների համար:

«Տեսեք, ինքնիշխանության կարևոր տարրերից մեկը ժողորդավարության, ժողովրդի կամքի արտահայտությունն է: Երբ որ ինքը ժողովրդի կամքին սպառնում է հնարավոր, հավանական պատերազմով, այսինքն՝ հնարավոր բռնությամբ, ինքը արդեն ինքնիշխանության դեմ ուղղված հանցագործություն է կատարում: Եվ եթե մենք ունենայինք նորմալ Դատախազություն՝ օրենքը, սահմանադրական նորմը պահող Դատախազություն, Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե, հիմա արդեն քրեական վարույթը պիտի նախաձեռնված լիներ», - ասաց Մինասյանը:

Եթե Գլխավոր դատախազությունը քայլեր չձեռնարկի Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ, ապա «Հայաստան» խմբակցության քարտուղարը չի բացառում, որ իրենք կդիմեն իրավապահ մարմիններին:

Խորհրդարանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր ուժի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի համոզմամբ՝ ընտրողների ազատ կամարտահայտման դեմ ուղղված Փաշինյանի գործողությունները պետք է դառնան ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կառույցների ուշադրության առարկա:

«Եթե մենք լինեինք իսկապես նորմալ, ժողովրդավարական, զարգացող երկիր, և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե լիներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դուստր ձեռնարկությունը, այլ իրապես անկախ հանձնաժողով, պետք է արդեն արձանագրած լիներ, որ Հայաստանի քաղաքացիների կամքի վրա կա բռնարարք, և այդ բռնությունը դրսևորվում է շանտաժի եղանակով՝ «եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Թովմասյանն ասում է՝ անցել են ժամանակները, երբ ընտրությունները կեղծվում էին քվեատուփերը լցոնելով, այսօր արդեն, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, իշխանությունը պատերազմի մասին իր սպառնալիքներով է ոտնահարում ընտրողի ազատ կամքը. - «Եվ սա պիտի արձանագրեն այն միջազգային կառույցները, ովքեր գալիս են մեզ փրկելու տարբեր հիբրիդային պատերազմներից կամ հիբրիդային հարձակումներից: Սա այսօ՛ր պիտի արձանագրեն նրանք, որովհետև այսօր արդեն ոտնահարվում է Հայաստանի ընտրողի ազատ քվեն»:

«Եվ ես կարդացել եմ, ես սարսափել եմ ուղղակի. Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան՝ ամբողջը խաղաղության ռևիզիայի մասին ա», - պնդում է վարչապետը:

«Տարածքային պահանջ երբեք չենք ունեցել». Արծվիկ Մինասյան

Փաշինյանը մեղադրում է իր քաղաքական մրցակիցներին «պատերազմի ուժեր» լինելու մեջ, ովքեր, նրա բնորոշմամբ, ցանկանում են վերանայել խաղաղությունը, ավելին, ինչպես երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ձևակերպեց, ընդդիմությունը Հայաստանի գրեթե բոլոր հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններ ունի:

Մինչդեռ երկրորդ նախագահի առաջնորդած «Հայաստան» խմբակցության քարտուղարը հակադարձում է՝ երբեք չեն ունեցել տարածքային պահանջ, այդ թվում՝ Արցախի նկատմամբ, իսկ արցախահայերի հիմնարար ազատությունների և իրավունքների մասին բարձրաձայնելը չի կարող դիտվել որպես պատերազմի հրահրում:

«Խոսքը չի գնում տարածքային պահանջների մասին», - ասաց Արծվիկ Մինասյանը, - «Նախ՝ մենք խոսում ենք արցախցիների արժանապատիվ, երաշխավորված, անվտանգության երաշխավորված իրավունքներով վերադարձի միջազգային մակարդակում ընդունման մեխանիզմի մասին: Տարածքային պահանջ երբեք չենք էլ ունեցել մենք: Որևէ քաղաքական ուժ տարածքային պահանջ պաշտոնապես չի էլ ներկայացրել, ըստ էության չի էլ ասել դրա մասին»:

Խաղաղություն երաշխավորներո՞վ, թե՞ առանց

Փաշինյանի առանցքային մրցակիցների պնդմամբ՝ միայն Իլհամ Ալիևի քմահաճույքից կախված խաղաղությունը չի կարող իրական լինել, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանի,Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի ուժերը առաջարկում են խաղաղության հաստատման համար միջազգային երաշխավորների ինստիտուտ ներդնել: Այդ նպատակով նրանք մտադիր են վերաբանակցել նախաստորագրված փաստաթուղթը:

Մինչդեռ Փաշինյանը հակադարձում է՝ վերաբանակցել՝ նշանակում է անխուսափելի դարձնել պատերազմը. - «Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն: Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով»:

«Հարկավոր է, որպեսզի լինի մեխանիզմ, որը էդ խաղաղությունը դարձնի երկարաժամկետ: Դա կլինի թե՛ միջազգային կոնսորցիումը, էսպես ասած, որը խաղաղության երաշխավորը կդառնա», - ասաց Արծվիկ Մինասյանը:

«Բայց եթե Ադրբեջանը չի համաձայնում, ի՞նչ է լինում», - «Ազատության» այս հարցին ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. - «Չի կարող Ադրբեջանը չհամաձայնել, շատ պարզ ... եթե մենք խոսում ենք ... »:

Բաքվի՝ ուժի դիրքերից հանդես գալու հնարավորության վերաբերյալ Մինասյանը նշեց. - «Ըհը, դա նշանակում է՝ իր ուզածը խաղաղություն չի»:

Հարցին էլ՝ «բայց մենք ունե՞նք հակադրվելու ուժ այսօր, հնարավորություն», դաշնակցական պատգամավորը պատասխանեց. - «Ես չեմ խոսում ֆիզիկական հակադրման մասին, ես խոսում եմ միջազգային դիվանագիտական հնարավորությունների և էն երկրների, որոնք որ էս տարածաշրջանում ուզում են խաղաղություն: Հիմա, եթե ուզում են խաղաղություն, բայց Ադրբեջանը չի ուզում, նշանակում է՝ էդ միջազգային կոնսորցիումն է, չէ՞, դառնում արդեն Ադրբեջանի հետ երկխոսողը, ոչ թե մենք»:

Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, ընդգծել է. - «Խոսելով երաշխավորների մասին, ինձ համար ակնհայտ է, և ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ այդ խոսույթով ընդամենը բացվում է մեր տարածաշրջան և մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը»:

Քոչարյանը խոսում է արցախցիների վերադարձի իրավունքի ճանաչման մասին

«Հայաստան» դաշինքի վարչապետ թեկնածու Ռոբերտ Քոչարյանն օրերս անդրադառնալով Արցախյան խնդրին շեշտեց, որ նախ պետք է աշխատել արցախցիների վերադարձի իրավունքի ճանաչման շուրջ, որից հետո արդեն անդրադառնալ արցախցիների անվտանգ վերադարձի հարցին:

«Եվ հիմա մենք խոսում ենք իրավունքի վերադարձի ճանաչման մասին՝ միջազգային», - ասաց Քոչարյանը:

Գործող իշխանությունը արցախցիների վերադարձի հարցը չի բարձրացնում, վարչապետ Փաշինյանը պարբերաբար հորդորում է մոտ 100 հազար բռնի տեղահանված արցախցիներին տնավորվել Հայաստանում:


XS
SM
MD
LG