Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս հավանական է համարում «Քաղաքացիական պայմանագրի» չընտրվելու դեպքում պատերազմի հեռանկարը:
«Ազատության» հարցին, թե վարչապետի նույնաբովանդակ հայտարարությունը արդյոք շանտաժ չէ, Միրզոյանը պատասխանեց. «Որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է: Րոպեներ առաջ հանձնաժողովում խոսում էինք, այդ թվում՝ այն ընդդիմադիր պատգամավորների հետ, ում գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան»:
Նախարարի համոզմամբ՝ այս մարդկանց իշխանության գալու դեպքում անմիջապես խնդիրներ են առաջանալու հարևան երկրների հետ:
«Շանտաժն այստեղ ո՞րն է: Մենք առաջարկում ենք խաղաղություն, ասում ենք՝ մեր երկրին պետք է խաղաղություն: Այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, ՀՀ գոյությունը՝ որպես անկախ պետություն, կհայտնվի մեծ կասկածի տակ: Եվ կա զուգահեռ առաջարկը՝ «չէ, այս Հայաստանը մեզ ընդհարապես պետք չէ»», - նշեց արտգործնախարարը:
Լրագրողի դիտարկումը, որ ՔՊ-ն իր իշխանության օրոք «պատերազմներ է բերել», Միրզոյանը չի ընդունել՝ ասելով, որ պատերազմը հետևանք է եղել 30-ից ավելի տարիների սխալ քաղաքական մտքի:
Վարչապետը նախորդ շաբաթ հայտարարեց՝ «խաղաղության ռևիզիայի դիրքերից» հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, ասել էր, որ խաղաղությունից խոսում են մարդիկ, որոնք «երեք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին»: Նրա համոզմամբ՝ սա աբսուրդ է: