Մատչելիության հղումներ

«Ալիևը նույնիսկ այնքան չի սպառնում հայ ժողովրդին, որքան Փաշինյանը». ընդդիմադիրների արձագանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ գրեթե ամեն օր հաստատված խաղաղության մասին է պատմում, այսօր զգուշացրեց մարդկանց՝ խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ է լինելու:

«Բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ: Ընդ որում, ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը: Ես վերլուծում եմ չէ՞ այդ տեքստերը», - հայտարարեց նա:

Ընդդիմադիրների տեքստերը վերլուծելուց բացի, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ տեղեկություն ունի, որ իր ղեկավարած ուժի պարտության դեպքում պատերազմ է սպասվում, հնարավո՞ր է Ադրբեջանի նախագահն է Նիկոլ Փաշինյանին նման բան ասել, որ կհարձակվեն Հայաստանի վրա: Վարչապետից այս հարցերի պատասխանն այսօր ստանալ չհաջողվեց:

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հանրությանն առաջարկում է Փաշինյանի սպառնալիքները լսելու փոխարեն հիշել «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության տարիների մարդկային ու տարածքային կորուստները:

«Ալիևը նույնիսկ այնքան չի սպառնում հայ ժողովրդին, ինչքան Նիկոլ Փաշինյանը, - ասաց պատգամավորը՝ հավելելով, - Այդ ի՞նչ պայմանավորվածություններ ունեք Ալիևի հետ, որ հստակորեն պնդում եք, նույնիսկ ամիս եք նշում, թե երբ է լինելու պատերազմ։ Այսինքն՝ Ալիևի հետ բանակցե՞լ եք, որ եթե չընտրվեք, պետք է սկսի պատերազմ մեր երկրի, մեր ժողովրդի դեմ։ Դուք պատկերացնում եք այն ծնողների զգացմունքները, որ այսօր տղա երեխա ունեն բանակում։ Այսինքն՝ կարելի է սեփական ժողովրդին շանտաժի ենթարկելու գնով վերարտադրվելու փորձեր իրականացնե՞լ»։

Ընդդիմադիրների պատերազմական տեքստերից Նիկոլ Փաշինյանն այսօր շատ օրինակներ չուներ, առաջիկայում խոստացավ այդ թեմայով մի ուղիղ եթեր, բայց մի քանի այդպիսի օրինակներ համացանցում է տեսել:

«Երեկ ինչ-որ նկարներ եմ տեսնում, նյուզ ֆիդում երևում է։ Ուժեղ խաղաղություն։ Կամ նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր՝ «ներիր մեզ, Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք, ինչ կանենք»։ Հասկանո՞ւմ եք, այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է։ Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմ է», - պնդեց Փաշինյանը։

Ընդդիմադիր ուժերի անուններ Փաշինյանն ուղիղ չնշեց, բայց ակնարկից հասկացվեց՝ խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերի մասին է: Այս ուժերից հակադարձում են՝ իրենք իշխանության գալու դեպքում չեն հետապնդելու Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, չեն չեղարկելու Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ինչպես ընդդիմադիր գործիչները ձևակերպեցին՝ չեն անելու այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, երբ եկավ իշխանության:

«Ընդդիմադիր դաշտում ես չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որ ռևանշիստական հայտարարություններ է անում, խոսում է գալուց հետո Արցախի վերաազատագրման մասին, խոսում են որոշակի արժեքների պաշտպանության, մեր գերիների վերադարձի մասին, այո՛, գերիների վերադարձը պատերազմ չի նշանակում, մեր եկեղեցիների պաշտպանությունը պատերազմ չի նշանակում, այդ ինքն էր, երբ որ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսով հանդես էր գալիս, այդ ժամանակ է ինքը պատերազմը սադրել։ Հիմա Հայաստանում չկա որևէ ուժ, որ լինելու է Նիկոլ Փաշինյան երկու, որ գալու է, իր զրոյական կետից սկսի», - ասաց Աննա Գրիգորյանը։

Սամվել Կարապետյանի թիմակից Գոհար Մելոյանը կարծում է՝ ընդդիմադիրներին պատերազմ հրահրելու համար մեղադրող Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու մի գործիք ունի՝ մարդկանց պատերազմով սպառնալ և այժմ հենց դրանով է զբաղված:

«Մենք ոչ միայն չենք ասել, որ գալու ենք, չեղարկենք, մենք հայտարարել ենք, որ մենք չենք սկսելու զրոյական կետից, ինչպես իրենք արեցին, ու մենք տեսանք այդ զրոյական կետից մեկնարկելու լրջագույն հետևանքները: Մենք գալու ենք, հասկանանք՝ ինչ ունենք հողի վրա և, բնականաբար, շարունակենք, եթե կլինեն այդպիսիք դրական պայմանավորվածությունները, և բացառապես այդ ձեռք բերված պայմանավորվածությունները փորձենք երաշխավորելով հօգուտ հայկական շահի, - ասաց նա, - Սա մտացածին հնարք է, և մեր հանրությունը պետք է հասկանա, որ հակառակը՝ եթե իրենք մնան, այդ ժամանակ է պատերազմ լինելու, որովհետև իրենք միակողմանի զիջումային տրամաբանության մեջ են, ու, ինչպես ասացի, այդ թվում՝ մինչև մեր ինքնության զիջման գնալու են»։

Փաշինյանը մեղադրեց Ռուսաստանին ու Բելառուսին

Նիկոլ Փաշինյանն այսօր պնդում էր, թե այս ուժերը պատերազմից շահ ունեն, այդ թվում՝ ֆինանսական և ձգտում են ֆորպոստի կառավարիչ դառնալ: Վարչապետը Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու համար մեղադրեց Ռուսաստանին ու Բելառուսին. «Նրանց ուղարկել են այստեղ, ասել են՝ խնդիրը չլուծեք, այդ ձեզ ֆորմալ, ինչ-որ ձեր անունով է գրած, այլևս չի լինի։ Այդ հիմնական ուժերը երեքն էլ, ով որ այդ դիրքից հանդես է գալիս, միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում և Բելառուսում։ Միլիարդների ունեցվածք ունեն։ Հիմա իրենց ասվել է՝ ուզո՞ւմ եք այդ ունեցվածքը պահել, աշխատեք, քրտնեք»։

Իսկ որ գործող իշխանության հռչակած խաղաղությունը կփլուզվի, և պատերազմ կլինի նրանց չընտրվելու դեպքում լավագույն հերքումն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունը կեղծ է, վարչապետին այսպես պատասխանեց առաջին նախագահի թիմից, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Եթե խաղաղություն բերած լիներ, ուրեմն այդ խաղաղությունը կախված չէր լինի Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների ելքից։ Ինքը արդեն ուղիղ իր հայտարարությամբ վերջապես խոստովանեց, որ ինքը ոչ մի խաղաղություն էլ չի բերել։ Ինքը բերել է մեր գլխին նորանոր սպառնալիքներ, նորանոր վտանգներ, նորանոր պատերազմական զարգացումներ», - ասաց Զուրաբյանը։

Փաշինյանին հաջողվել է Ադրբեջանի հետ նախաստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց այն ստորագրված չէ, Իլհամ Ալիևը դեռ նախապայման ունի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը:

XS
SM
MD
LG