Մատչելիության հղումներ

Պատերազմի ուրվականը՝ նախընտրական պայքարի առանցքում. Քոչարյանն արձագանքում է Փաշինյանին

«Խաղաղությունից խոսում են մարդիկ, որոնք երեք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին և փորձում են պատերազմը կապել մի մարդու հետ, որը տասը տարի խաղաղություն էր ապահովել: Աբսուրդն էլ չափ ու սահման պետք է ունենա»,- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես է արձագանքում վարչապետ Փաշինյանի մեղադրանքին թե իր, Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը պատերազմի դուռ են բացում:

«Այս օրերին այդ ուժերը խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու և պարտադրելու, այդ թվում՝ ուժային եղանակով պարտադրելու մասին։ Սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի դարձնել»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երկրի գլխին երեք պատերազմ բերած մարդը իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել, իմ նախագահության ժամանակ չի եղել նույնիսկ միջին չափի սահմանային միջադեպ,- հակադարձում է Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն այսօր թիմակիցների հետ Աշտարակում էր՝ քաղաքացիների հետ հանդիպման: Ասաց՝ ավելի վաղ էին կանխատեսում, որ իշխանությունն այս թեզն է առաջ մղելու՝ մարդկանց պատերազմով վախեցնելու ու ձայներ ստանալու համար:

«Եթե մենք չենք, ապա պատերազմ է լինելու։ Ամենից վտանգավոր թեզն է, բայց նաև ամենից ստորացուցիչ։ Աննա Գրիգորյանն ասաց, որ սեփական ժողովրդի գլխին Ալիև տղային բերում, բոբո սարքելով, որ՝ էս ա կհարձակվեն, կհարձակվեն և քվեներ կորզեն ձեզանից»,- ասում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ է լինելու, որովհետև այդ ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, դա էլ անխուսափելի պատերազմ է», -ասել էր Փաշինյանը, ընդ որում ժամկետ էր նշել՝ մաքսիմալ աշնանը.

Վարչապետի խոսքով.- «Մենք ասում ենք, որ էս խաչմերուկը պատմական խաչմերուկ է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, մենք հաստատել ենք էդ խաղաղությունը, ինչը նշանակում է՝ ամուր փակել ենք պատերազմի դուռը։ Հիմա իմ նշած ուժերը փորձում են բացել էդ դուռը, և դա միանշանակ ճակատագրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»:

Երկրորդ նախագահն ընդգծում է. «Ամեն ինչ պիտի անենք, այո, որ պատերազմ չլինի, բայց այդ ամեն ինչը չի նշանակում զիջումների ճամապարհով: Ամեն ինչը նշանակում է արժանապատիվ դիվանագիտություն, արժանապատիվ քաղաքականություն»:

Ըստ Քոչարյանի՝ ինքը երաշխավորված խաղաղության մասին է խոսում, որպեսզի մեկ մարդու տրամադրությունից կախված չլինի իրավիճակը. «Ի դեպ, այսօրվա օրինակը՝ Իրանի պատերազմը, մեկ մարդու տրամադրությունից սկսվեց հսկայածավալ մի պատերազմ։ Ուրեմն, խոսքը գնում է երաշխավորված խաղաղության մասին, և այդ երաշխավորված խաղաղությունը մենք ստանալու ենք։ Չեմ կարծում, որ սա չլուծվող հարց է, սա լուծվող հարց է, և ես համարում եմ այն մարդն եմ, որը կարող է այդ հարցը լուծել»:

Թե ինչու իշխանությունը խաղաղության երաշխիքներ չի փնտրում, Քոչարյանն այսպես է մեկնաբանում. «Պատճառը մեկն է՝ ինքը ուզում է, որ այդ խաղաղությունը կապված լինի միայն իր անվան հետ, իր գոյության հետ իշխանության աթոռին»։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է.- «Խոսելով երաշխավորների մասին, ինձ համար ակնհայտ է և ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ այդ խոսույթով ընդամենը բացվում է մեր տարածաշրջան և մեր երկիր խաղաղապահներ մտցնելու դուռը»:

Այն ինչ ուզում են այդ ուժերը մենք արդեն տեսել ենք, անվտանգության երաշխավորների մեխանիզմը չի աշխատում ,-շեշտում է Փաշինյանը: Այդ ուժերին անվանում օտար երկրների էմիսարներ, ասում է. «Նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն։ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվել է միայն ու միայն այն պատճառով՝ երաշխավորի համատեքստում, որ մենք հույսներս դրել ենք ոչ թե երաշխավորի, այլ ինքներս մեր վրա»։

«Ոչ թե անվտանգության երաշխավորները չեն գործել, այլ Փաշինյանն է թռել պայմանավորվածություններից»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Արցախում ռուս խաղաղապահները չկատարեցին իրենց պարտականությունը:

«Հենց Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ի՞նչ վիճակ ստեղծվեց. Ղարաբաղը Ադրբեջանի համար դառնում է սեպարատիստական միավոր, պաշտպանական բանակը Ղարաբաղի դառնում են գրեթե ահաբեկչական ստորաբաժանումներ՝ բոլոր հետևանքներով»,- իր ելույթում ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ընտրություններից երկուսուկես ամիս առաջ խորհրդարանի դռների առջև քաղաքական ուժերը դիրքավորվում են՝ իշխանության առաջ մղած պատերազմի ուրվականի ներքո: Փաշինյանը հավատացնում է՝ այդ պատերազմի դուռն ամուր փակել են, խաղաղություն է հիմա: Ընդդիմությունը պնդում է՝ պատերազմ չեն ուզում, ուզում են ուրիշ խաղաղություն:

XS
SM
MD
LG