«Ռուսաստանի և Հայաստանի առևտրաշրջանառությունը 2026 թվականին նվազել է երկու երրորդով», - այսօր Ղրղըզստանում, Եվրասիական միության անդամ պետությունների վարչապետերի հավաքին ընդառաջ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասավ ռեկորդային՝ 12 միլիարդ դոլար ցուցանիշի։ Նախորդ տարի այն նվազեց մինչև 8 միլիարդի։ Այս տարի, սակայն, առևտրաշրջանառության դրամատիկ անկում է նկատվում։ Այն կազմում է 2025-ի ցուցանիշի երկու երրորդը», - նշել է ռուսաստանցի պաշտոնյան՝ կանխատեսելով, որ անկումը շարունակվելու է։
«Իրավիճակը, որն այժմ ստեղծվել է ԵԱՏՄ և Հայաստանի միջև, կանխատեսելի էր։ Վերջին երկու տարիներին մենք մեր հայաստանցի գործընկերներին զգուշացնում էինք, որ նման ռիսկեր, այդ թվում՝ առևտրաշրջանառության անկման ռիսկեր առկա են», - նշել է Օվերչուկը։
Վերջին ամիսներին Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքների համար: Տնտեսական պատժամիջոցների ֆոնին Վլադիմիր Պուտինն անձամբ էր պնդել՝ Երևանը պետք է հանրաքվե անցկացնի որոշելու՝ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական ուղով է գնում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, թե ժողովրդական քվեարկությանը բանը կհասնի, միայն երբ Երևանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնի: