Մատչելիության հղումներ

Ռուբինյան-Մատվիենկո հեռախոսազրույց է կայացել

ԱԺ նախագահը բարձրացրել է հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի շուկա արտահանման անհիմն սահմանափակումների հարցը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր են քննարկել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր կայացած հեռախոսազրույցում:

Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը, ասված է ԱԺ լրատվականի հաղորդագրությունում:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցերի։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են, և կարևորել է խնդրի կարգավորումը երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Քննարկվել է նաև Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի՝ առարկայական փուլ մտնելուց հետո, նշված է հաղորդագրությունում:

Զրուցակիցները վերահաստատել են բաց երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

Վերջին ամիսներին Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքների համար: Տնտեսական պատժամիջոցների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է պնդում՝ Երևանը պետք է հանրաքվե անցկացնի որոշելու՝ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական ուղով է գնում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծում է, թե ժողովրդական քվեարկությանը բանը կհասնի, միայն երբ Երևանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնի:


XS
SM
MD
LG