Մատչելիության հղումներ

«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է». Փաշինյան

Լրացված

Վարչապետն Նիկոլ Փաշինյանն այսօր, անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին, նշեց՝ «առնվազն մի քանի հարցերի շուրջ եկել ենք ընդհանուր ըմբռնման»:

«Հայաստանի Հանրապետությունն ունի լեգիտիմ իրավունք ինքն իր համար այլընտրանքներ ձևավորելու: Ես Ռուսաստանի նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհն ու մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ Հայաստանի ժողովուրդն էլ քվեարկել է դրա օգտին: Ես չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ ՀՀ-ն այլընտրանքներ չունենա: Հայաստանի Հանրապետությունը միշտ պետք է ունենա այլընտրանքներ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը:

«Ազատության» հարցին՝ «կարո՞ղ ենք ասել, որ ըստ էության չստացվեց Ձեր երկխոսությունը ՌԴ նախագահի հետ, որովհետև համաձայնության մասին խոսք չկար», Փաշինյանը պատասխանեց. «Երկխոսությունը ստացվեց, որովհետև երկար խոսեցինք»:

Հուլիսի 27-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն ընդգծել էր, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել էր միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից արտահանման սահմանափակումների խնդրին՝ Փաշինյանն ընդգծեց՝ «դա ԵԱՏՄ պրոբլեմն է»: «Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է ու չի աշխատում: Եթե այս հարցը արագ չկարգավորվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը», - ասաց վարչապետը:

Իսկ հնարավո՞ր է Հայաստանի կառավարությունը որոշի ավելի շուտ դուրս գալ ԵԱՏՄ-ից, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ոչ, մենք նման պլան չունենք»:

«Դուք գիտեք, որ մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարներ ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ պաշտպանել են ԵՄ-ին անդամագրվելու մասով Հայաստանում հանրաքվե անցկացնելու իրադրությունը, ինչը վատ չէ: Ես նաև Ռուսաստանի նախագահին եմ ասել, որ այդ քվեարկությունը չի կարող տեղի ունենալ առանց դրա առարկայի ներկայության: Այդ հանրաքվեն անցկացնելու համար մենք պետք է առնվազն դիմած լինենք Եվրամիության անդամագրվելու հարցով», - ընդգծեց նա:

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ պնդել էր, որ Երևանը պետք է հանրաքվե անցկացնի որոշելու՝ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական ուղով է գնում:

XS
SM
MD
LG