Մոսկվայի հետ տարաձայնությունների ու հայկական ապրանքների նկատմամբ ռուսական շարունակվող սահմանափակումների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Ղրղըզստանի Չոլպոն-Ատայում անցկացվող նիստում վարչապետն ասել է, որ այս մոտեցումը կարտացոլվի նաև իր ղեկավարած նոր կառավարության ծրագրում։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին, որոնցից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն է, սակայն գործնականում այդ սկզբունքները լիարժեք չեն իրականացվում, ինչը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։
Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու հարցին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը հասկանում է՝ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հայ ժողովրդի առջև այսօր նման ընտրության հարց չի կանգնած, քանի որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամակցությանը։
Վարչապետն ասել է, որ Հայաստանն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը՝ ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, բայց և շեշտել է.- «Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»։
Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ Փաշինյանի բացակայությամբ անցկացված նիստում ԵԱՏՄ մյուս չորս առաջնորդները՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Նաև նշել էին, որ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ առաջնորդների հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:
Փաշինյանն այսօրվա հավաքին վստահեցրել է, թե Հայաստանի և Եվրամիության ներկայիս հարաբերություններում չկան իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորություններին։ Անդրադարձել է նաև ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին՝ անցած տարի ընդունված օրենքին:
«Նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը մեր երկրի համար այլընտրանք ստեղծելն է։ Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է։ Սակայն նշված օրենքի ընդունման փաստն ինքնին չի նշանակում, որ Հայաստանն այսօր ԵՄ անդամ դառնալու հնարավորություն ունի։ Երբ ապագայում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը», - ասել է Փաշինյանը:
Նիստի մյուս մասնակիցները, այդ թվում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը գոնե հրապարակային հատվածում Հայաստանի ղեկավարի այս հայտարարություններին ուղիղ չեն արձագանքել: Սակայն նախօրեին ռուս պաշտոնյաները մեկը մյուսի հետևից դժգոհում էին պաշտոնական Երևանի եվրոպական ձգտումներից: Ավելին՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ առաջին հեռախոսազրույցում նրա ռուս պաշտոնակից Վալենտինա Մատվիենկոն սպառնացել էր՝ եթե Հայաստանում երրորդ երկրների հարցումներով շարունակվեն Ռուսաստանի քաղաքացիների «համակարգային ձերբակալությունները», Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան»:
Թե ինչ համակարգային ձերբակալություններ նկատի ուներ ռուս պաշտոնյան, և որոնք են երրորդ երկրները, պարզ չէ: