Մատչելիության հղումներ

Պակիստանի ՆԳ նախարարը կրկին Թեհրանում է՝ պատերազմի ավարտի շուրջ բանակցելու

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Պակիստանի ՆԳ նախարար Մոհսին Նաքվին, Թեհրան, արխիվ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Պակիստանի ՆԳ նախարար Մոհսին Նաքվին, Թեհրան, արխիվ

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին կրկին Իրանում է՝ ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտելու Իսլամաբադի դիվանագիտական ջանքերի շրջանակում։

DPA լրատվականի տվյալներով՝ հանդիպումներ են նախատեսվում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Իրանական ISNA-ի փոխանցմամբ՝ Նաքվին Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին փոխանցելու է Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի ուղերձը, որը առանցքային դեր է խաղացել Պակիստանի միջնորդական ջանքերի շրջանակում։

Նաքվին մայիսին էլ էր Թեհրան այցելել, հունիսի 5-ին էլ Բիշքեկում էր հանդիպել արտգործնախարար Արաղչիին։

Չնայած շարունակվող բանակցություններին, նախօրեին կողմերի միջև կրկին փոխհրաձգություն է արձանագրվել։

Հունիսի 6-ի երեկոյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ երկրի զինուժը իրանական երկու հարվածային անօդաչու թռչող սարք է խոցել, որոնք, ըստ Վաշինգտոնի, սպառնում էին Հորմուզի նեղուցում միջազգային ծովային երթևեկությանը։

Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն առնվազն յոթ բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան օբյեկտների ուղղությամբ։

ԱՄՆ-ն ու Իրանը ապրիլի 8-ից անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում, թեև ռազմական գործողությունների տարբերակը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով, մնում է սեղանին։


XS
SM
MD
LG