Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն հարվածել է իրանական ռադարներին, Իրանն էլ՝ Քուվեյթում ամերիկյան բազային

ԱՄՆ-ն կրկին հարվածել է իրանական ռադարների և անօդաչուների արձակման կայանների, ինչին ի պատասխան Իրանն էլ թիրախավորել է ԱՄՆ դաշնակից Քուվեյթում գտնվող ամերիկյան բազան։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Գորուկ քաղաքին և Քեշմ կղզուն հասցված հարվածներն ինքնապաշտպանական էին: Նաև նշվում է, որ դրանով ԱՄՆ-ն մասամբ պատասխանել է օրեր առաջ Իրանի կողմից ամերիկյան անօդաչուի խոցմանը, որը, ըստ Վաշինգտոնի, անցնում էր միջազգային ջրերի վրայով։ Կողմերը զոհերի կամ վիրավորների մասին չեն հաղորդում:

Իրանը հաստատել է, որ ամերիկյան հարվածներից հետո հարվածել է Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ավիաբազայի, որը, Թեհրանի պնդմամբ, ԱՄՆ-ն օգտագործել էր Իրանի վրա վերջին հարձակումների ժամանակ։ Սակայն չի հստակեցրել, թե որ երկրում գտնվող բազային է հարվածել։

Սա ամերիկյան առնվազն երրորդ հարվածն է Իրանին՝ ապրիլից անժամկետ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո։

Մինչ այդ հակասական հայտարարություններ են հնչում Վաշինգտոնից ու Թեհրանից խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ: Ամերիկյան հարվածներից հետո Դոնալդ Թրամփը դարձյալ վստահեցրել է, թե հրադադարի իր առաջարկած համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա: Սպիտակ տան ղեկավարը սոցցանցում գրել է, որ փաստաթղթում շատ հստակ նշվում է դրա մասին: Մինչ այդ էլ նա թեմային անդրադարձել էր Fox News-ին տված հարցազրույցում:

«Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ Իրանը երբևէ միջուկային զենք չի ունենա, նրանք համաձայնել են դրան: Նրանք ի սկզբանե ասել էին, որ միջուկային զենք չեն մշակի: Ես էլ ասացի՝ իսկ եթե հանկարծ գնե՞ք: Հիմա փաստաթուղթը սահմանում է, որ նրանք չեն մշակի կամ որևէ կերպ չեն գնի միջուկային զենք», նշել է Դոնալդ Թրամփը:

Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է, թե բանակցում են միջուկային ծրագրի շուրջ: Ըստ Էսմայիլ Բաղայիի՝ այս փուլում առաջնահերթությունը պատերազմն ավարտելն է: Բաղային նաև ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարը խախտելու համար՝ նշելով, որ դա միայն խորացնում է անվստահությունը:

«Հրադադարի խախտումներն ինքնին վկայում են, որ ԱՄՆ-ն գործում է ոչ իրավաչափ և անբարեխիղճ, և դա պարզապես խորացնում է առկա անվստահությունը, որն իրավացիորեն պետք է միշտ նկատի ունենանք ամերիկյան կողմի հետ ցանկացած փոխազդեցության ժամանակ», նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Բաղային նաև ասել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իր անվտանգությունը պաշտպանելու համար:

Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին մեղադրել ԱՄՆ-ին հրադադարը չպահպանելու համար, մինչ այդ էլ ասել էր, որ Իրանը չի վստահում «թշնամու խոստումներին»:

«Մինչև մենք չհամոզվենք, որ Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանված են, մենք չենք հաստատի որևէ համաձայնագիր», նշել է Ղալիբաֆը։

Ու մինչ խաղաղության հեռանկարն անորոշ է, Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները «Հեզբոլա»-ի դեմ Լիբանանի հարավում: Կա մեկ տասնյակից ավելի զոհ, 30-ից ավելի վիրավոր: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումը ևս պատասխան հարվածներ է հասցրել, իսրայելցի մեկ զինվոր է սպանվել: Հերթական գործողությունից առաջ իսրայելական բանակը Լիբանանի մի քանի բնակավայրերի բնակիչների հորդորել է լքել իրենց տները:

Al Jazeera-ն, ամերիկացի պաշտոնյայի հղումով, հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղարը հանգստյան օրերին առանձին բանակցել է Լիբանանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ և նոր առաջարկ է ներկայացրել էսկալացիան մեղմելու համար: Ըստ այդմ՝ «Հեզբոլա»-ն պետք է դադարեցնի բոլոր հարձակումները, Իսրայելն էլ զերծ կմնա մայրաքաղաք Բեյրութում հետագա սրացումից։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG