Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հետ փոխհրաձգությունից հետո Իրանը հարվածել է Քուվեյթին և Բահրեյնին. կա զոհ և 63 վիրավոր

Լրացված
Իրան, Թեհրան, մայիս, 2026թ.
Իրան, Թեհրան, մայիս, 2026թ.

Քուվեյթի միջազգային օդանավակայանի և դիվանագիտական առաքելությունների վրա իրանական հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, վիրավորվել է 63-ը: Պետական մարմինները չեն մանրամասնում, թե որ ներկայացուցչություններն են վնասվել։

Պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրջորեն վնասվել է օդանավակայանի տերմինալներից մեկը, թռիչքները վերաուղղորդվում են այլ օդանավակայաններ: Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ իրանական 13 հրթիռ և 17 անօդաչու է խոցել:

Քուվեյթի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, իրանցի երկու դիվանագետի «անցանկալի անձ» են հայտարարել՝ «շարունակական ագրեսիայի» պատճառով:

Իրանը ԱՄՆ դաշնակից Քուվեյթին հարվածել է այն բանից հետո, երբ ամերիկյան զինուժին մեղադրել էր այս երկրի տարածքից իրանական ենթակառուցվածքներին հարվածելու համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ փոխհրաձգությունը սկսվել է, երբ ԱՄՆ զինուժը Հորմուզի նեղուցում հարվածել է իրանական նավթատարի և վնասել այն։ Դրան ի պատասխան՝ Իրանը հրթիռակոծել է ամերիկա-իսրայելական մի նավ, ինչից հետո ԱՄՆ-ն էլ հարվածել է իրանական Քեշմ կղզուց հարավ տեղակայված կապի աշտարակի։ Իրանական կողմը նաև պնդել է, որ հարվածել է Ծոցում գտնվող ամերիկյան ավիաբազայի, այդ թվում՝ ԱՄՆ Հինգերորդ նավատորմի շտաբ-բնակարանին, թեև ԱՄՆ-ն հերքել է այս պնդումը:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտնել է, որ ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել իրանական Քեշմ կղզում գտնվող կառավարման կայանին այն բանից հետո, երբ Իրանը բալիստիկ հրթիռներ էր արձակել Քուվեյթի և Բահրեյնի, նաև անօդաչուներ՝ Հորմուզով անցնող առևտրային նավերի ուղղությամբ:

Ամերիկյան հարվածներից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է՝ ԱՄՆ-ն ծանր գին կվճարի «Հորմուզի նեղուցի անվտանգությունը խաթարելու» համար: Իրանի արտգործնախարարությունն էլ դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները՝ նշելով, որ դրանք խախտում են հրադադարը և միջազգային իրավունքը։ Քուվեյթը և Բահրեյնը ուղղակիորեն պատասխանատու են Իրանի վրա ԱՄՆ հարձակումների համար, քանզի դրանք այս երկրների տարածքից են իրականացվում, նշել է գերատեսչությունը: Իրանը նաև խոստացել է օգտագործել հասանելի բոլոր միջոցները՝ հետագա հարձակումներին պատասխանելու համար:

Քուվեյթը և Պարսից ծոցի մի շարք երկրներ դատապարտել են Իրանի հարվածները:

Մերձավոր Արևելքում նոր էսկալացիան տեղի է ունենում լուրերի ֆոնին, որ ԱՄՆ-ն և Իրանը օրեր առաջ դադարեցրել են բանակցությունները, թեև Միացյալ Նահանգների նախագահը սոցցանցում հերքել է սա:

Հարցազրույցներից մեկում էլ Դոնալդ Թրամփն ասել է, որ ինչ-որ պահի, թերևս, կհանդիպի Իրանի գերագույն առաջնորդին, որը, ըստ նրա, ներգրավված է բանակցություններում: ԱՄՆ նախագահն ասել է, որ Իրանում ցամաքային գործողություն այս պահին չեն նախատեսում: Նաև պնդել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու մտքից:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան, և նրանք արդեն համաձայնել են, որ միջուկային զենք չեն ունենալու։ Գուցե մտքափոխվեն, բայց դա այն հարցերից մեկն էր, որին ստիպված էին համաձայնել: Սա ամենակարևորն էր», - հայտարարել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը նաև խոստովանել է, որ Իսրայելի վարչապետի հետ վերջին հեռախոսազրույցը լարված է անցել: «Չէի ասի, որ զայրացած էի։ Մի փոքր անհանգստացած էի Լիբանանի հետ նրա շարունակվող կռիվներից», - ասել է նա և հավելել, որ Նեթանյահուի հետ առհասարակ լավ հարաբերություններ ունեն:

«Մեր միջև բանակցությունները շարունակվել են անընդհատ, այդ թվում՝ չորս օր առաջ, երեք օր առաջ, երկու օր առաջ, մեկ օր առաջ և այսօր։ Ո՞ւր կտանեն դրանք, երբեք չես իմանա», - նշել է ԱՄՆ նախագահը։

Ու մինչ Թեհրանն ու Վաշինգտոնը միմյանց են մեղադրում նոր լարվածության համար, Իսրայելն ու Լիբանանը երեկ ԱՄՆ միջնորդությամբ ուղիղ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել: Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթի՝ կողմերն առաջընթաց են գրանցել:

«Քաղաքական և անվտանգության մակարդակներում առաջընթացը շարունակվում է, մինչ մենք հաղթահարում ենք վերջին 20 տարիների անհաջողությունները և շարժվում դեպի համապարփակ համաձայնագիր՝ ուղղված Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանը և Իսրայելի անվտանգության ապահովմանը», - հայտարարել է Փիգոթը:

Չնայած բանակցություններին՝ Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում և տարհանվելու հրամաններ է տվել մի քանի բնակավայրերի բնակիչների: Բանակը պնդում է, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: «Հեզբոլա»-ն, իր հերթին, հայտարարել է, որ 13 հարձակում է իրականացրել իսրայելական զորքի վրա:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG