«Ուժեղ Հայաստան»-ի անդամներից Գոհար Մելոյանը հայտարարել է՝ ահազանգեր են ստացել, որ մարդկանց հրահանգել են ընտրությունների օրը դուրս բերել «Ուժեղ Հայաստան»-ի քվեաթերթիկը՝ որպես ապացույց, որ այդ ուժի օգտին չեն քվեարկել:
Ըստ ընդդիմադիր դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի՝ Մելոյանի նկարագրած գործողությունները իրենց համակիրներին պարտադրում են անել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, իսկ իրենց համակիրները հենց ՏԻՄ աշխատողներ են:
Սակայն անուններ, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը, Կարապետյանը չտվեց, միայն ասաց, որ խոսքը Երևանի մասին չէ, այլ մարզերի տեղական ինքնակառավարման մարմիններում են այդպիսի գործողություններ ստիպում անել պետական աշխատողներին:
Նա հայտարարեց, որ, իհարկե, իրավապահներին իրենք չեն վստահում, բայց պատրաստվում են դիմել:
«Մի քանի հազար թիմակիցներ ունենք՝ որպես վստահված անձ, փորձելու ենք ամենայն խստությամբ պրոցեսները վերահսկել, որպեսզի այդպիսի փորձեր չլինեն: Մեզ հասնում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ իշխող ուժը ունի ներկայացուցիչներ, կան ճնշումներ մարդկանց վրա՝ այսպիսի ճնշումներ, և պետք է հետևենք, որ այդպիսի բան չլինի», - «Ազատությանը» ասաց Նարեկ Կարապետյանը:
«Իրենց նշանակած իրավապահները մաքսիմում կարող է զբաղվեն ձայնագրություն բեմադրելով՝ գործակալներ ուղարկելով և դրանցով ձայնագրություն բեմադրելով: Իրենց նշանակած իրավապահները հաստատ իրենց չեն բռնելու: Դիմելու ենք, բայց, ճիշտը որ ասեմ, բացի դատական համակարգից, որտեղ փոքր-ինչ պահպանվել են ինչ-որ ազատություններ, այլ համակարգերում մենք չենք տեսնում այդ ազատությունը և տեսնում ենք տոտալ քաղաքականացում, կուսակցականացում», - նշեց Կարապետյանը:
Քննչական կոմիտեի խոսնակը «Ազատությանը» հայտնեց, որ իրենք հաղորդում չեն ստացել: