«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը անուններ չտալով քննադատել է ձերբակալություններն ու կալանավորումները, ինչպես նաև երկրի կառավարումը:
«Միակ բանը, որ սրանց գլխի մեջ կա. ինչքան մարդ ձերբակալեն, կալանավորեն, ուրիշ բանից չեն հասկանում: Մեկ էլ սիրուն գրդոն անեն: Համակարգային գրդոն է էս երկիրը, մենք շուտով ձեզ ցույց կտանք՝ որտեղ ինչ են կերել: Ձևը գտել են՝ տարիներով մարդկանց ոնց շանտաժի ենթարկեն, ոնց վախեցնեն: Նախընտրական փուլ է, բայց երկիրն անտերության ա մատնված: 2-3 ամիս էս մարդը թմբուկ է նվագում»,- հայտարարեց Կարապետյանը:
Նա պնդեց, թե «Ուժեղ Հայաստանի» նպատակը «ժողովրդին հարստացնելն է». «Մենք փոքր բիզնեսը ազատում ենք հարկերից, որ մարդիկ հանգիստ աշխատեն, ստեղծագործեն, հարստանան, ժամանակ չծախսեն հարկայինի հետ: Մեր նատակը ժողովրդին հարստացնելն է: Մենք շատ մեծ ներդրումներ ենք բերելու»,- հայտարարեց Կարապետյանը:
Ի դեպ, Կարապետյանին հարց ուղղելիս Կոտայքի մարզի բնակիչները դիմում էին «վարչապետ»-ով:
Կարապետյանն օրերս մի քանի խմբագիրների հետ հանդիպմանն ասել էր, թե ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի՝ փաստորեն չբացառելով հետընտրական իրադարձությունները:
Ընդդիմության շրջանում խուզարկությունները նա «իշխանության ներքին ցնցումների արդյունք» է համարել, որովհետև, պնդեց, ընտրարշավը ցույց է տալիս, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը, «հույսը դրել են ճնշումների վրա»: