Սպիտակում ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած կուսակցության ներկայացուցիչներն իրենց նախընտրական խոստումները թվարկեցին՝ փոքր բիզնեսի համար զրո տոկոս հարկ, 300 հազար նոր աշխատատեղ, ուսանողներին էլ անվճար կրթություն:
Ժամկետային ծառայությունը, որ կառավարությունն այս տարի կես տարով կրճատեց ու մեկուկես տարի սահմանեց երկուսի փոխարեն, «Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է ևս կես տարով նվազեցնել ու մեկ տարի դարձնել:
Լոռիում «Ուժեղ Հայաստան»-ը Սպիտակի ամենամեծ համայնքից՝ Ջրաշենից սկսեց իր քարոզարշավը: Այստեղ նրան գրկախառնությամբ դիմավորեց գյուղը 20 տարի ղեկավարած Վահան Ուռուսյանը: 2018 թվականի հեղափոխությունից հետո գյուղացիները ոտքի էին կանգնել նրա դեմ՝ բողոքելով, որ 1988-ի երկրաշարժից ավերված համայնքի խնդիրները չեն լուծվում, իսկ ղեկավարը հաշվետու չէ բնակչությանը:
Այժմ նա գործող իշխանության ընդդիմախոսների հետ նույն հարթակում է և զայրացավ «Ազատության» իր նախկին քրեական գործերին վերաբերող հարցերից. «Ես մաքուր հելել եմ, ի՞նչ ա եղել»:
Ներկա համագյուղացիներն էլ պաշտպանեցին նրան, թե ներկայիս պաշտոնյաները հետ չեն մնում: Ջրաշենում հեղափոխությունից հետո գյուղապետ, ապա վարչական ղեկավար նշանակված Արմեն Եղիազարյանն էլ անցած տարի է կանգնել դատարանի առջև՝ կաշառքի գործով:
Գրեթե 5000 բնակիչ ունեցող այս գյուղում դժգոհությունները նույնն են՝ մարդիկ փաստում են, որ խնդիրներն այդպես էլ մնացել են չլուծված։
«Ժողովրդին ոչ մեկը չի նայել, ես ինքս 2 տարի ընտրել եմ վարչապետ պարոն Փաշինյանին, բայց չի լինում, լուծում չկա, մանավանդ մեր գյուղում ընդհանրապես լուծում չի եղել, հարց չի լուծվել», - ասաց բնակիչներից մեկը:
Այսօր Ջրաշենում «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին մոտեցավ Ազատի զինվորական կացարանում երեքուկես տարի առաջ հրդեհից զոհված զինծառայողի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը, որ մի քանի օր առաջ Սպիտակի հրապարակում վարչապետ Փաշինյանին հանդիմանեց իր թոռան մահվան համար, բայց նրան չթույլատրեցին անգամ ավարտել խոսքը, թևերն ընկան ու հեռացրին:
Նույն այս հրապարակում այսօր Նարեկ Կարապետյանը դատապարտեց երկրի ղեկավարին տարեց տղամարդու նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար. «Էս մարդիկ կորցրել են, աստղայինը տարել ա իրանց, իրանք էլ չեն գնահատում մարդկանց, երբ մարդիկ մոտենում են, անհարգալից են իրենց հանդեպ: Մարդն իր զավակին կորցրել ա, հարց ա ուզում տա, անհարգալից են վերաբերվում»: