Մատչելիության հղումներ

Ռուսական ազդեցության մեղադրանքներ՝ ընդդիմությանը, վարչական ռեսուրսի չարաշահման՝ իշխանությանը

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը երեկ Հանրայինի եթերում իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման հերթական դեպքի մասին էր ահազանգում, հրապարակեց ձայնագրություն, որտեղ մի կին ասում էր. «Մարտունի քաղաքում բացվելու է «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղյակ պահեք, որ պարտադիր ներկա գտնվեն»:

Քիչ անց Թաթոյանին էլ մեղադրանքների բաժին հասան, մասնավորապես՝ Ռուսաստանից ֆինանսավորում ու աջակցություն ստանալու վերաբերյալ:

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը ռուսական «Դոսյե» կենտրոնի հետաքննությանը հղում անելով տեղեկացրեց, թե առևերույթ ապօրինի ավելի քան 2 միլիոն դոլար ստանալու դեպքի առիթով հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու:

Ռուս գործարար ու ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած «Դոսյե» կենտրոնը խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտության փորձերի մասին մի հետաքննություն է հրապարակել՝ պնդելով, թե այն հիմնված է ռուսաստանցի քաղաքագետների ու քաղտեխնոլոգների ներքին փաստաթղթերի վրա, թե ինչպես են նրանք այդ փաստաթղթերին հասանելիություն ստացել, պարզ չէ, դրանք ո՛չ ստորագրված են, ո՛չ կքնված, PDF ֆորմատի ֆայլերը պարզապես կցել են հետաքննության տեքստին:

Ըստ այս հրապարակման՝ Մոսկվան Արման Թաթոյանին որպես, «պահեստային» թեկնածու է դիտարկում: «Դոսյեն» պնդում է, թե իրենց ձեռքի տակ է հայտնվել Արման Թաթոյանի գլխավորած ուժի քարոզարշավի ծախսերի նախահաշիվները, ռուսերեն ու Exel ֆորմատով կազմված ֆայլերը կցել են հետաքննության էջին, ըստ այս տվյալների՝ Թաթոյանի թիմը քարոզարշավի ընթացքում պլանավորել է շուրջ 930 միլիոն դրամ ծասխել:

Այս ֆայլերում, սակայն, ո՛չ անուն կա, ո՛չ ամսաթիվ, ոչ էլ ստորագրություն կամ հեղինակին նույնականացնող որևէ այլ տվյալ: Հետաքննության հեղինակները հավելում են՝ իրենք էլ տեղյակ չեն, թե ով է ֆինանսավորում «Միասնության թևերի» քարոզարշավը: Հեղինակների այս նախադասությունը, սակայն չի խանգարել Դանիել Իոաննիսյանին հայտարարել, թե Թաթոյանի գլխավորած ուժը Ռուսաստանից, մասնավորապես՝ նախագահ Պուտինի աշխատակազմի պետի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի համակարգմամբ գործող ինստիտուտից է գումար ստացել:

«Միասնության թևերը» հերքում է մեղադրանքները՝ պնդելով, թե իրենց վերագրվող ծախսերն իրականությանը չեն համապատասխանում, իսկ ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները «ընդհանրապես սուտ են».

««Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս՝ Ռուսաստանից»,- ասված է կուսակցության հայտարարությունում:

Թաթոյանի գլխավորած կուսակցությունը պատրաստվում է դատի տալ հրապարակման հեղինակներին: Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը պնդում է, թե իրենց բոլոր քայլերն օրինական են և տեսանալի են ֆինանսական հաշվետվություններում: Այդուհանդերձ, Հայաստանում տասնյակ գրասենյակներ ունեցող կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարագրում նշել է, թե մայիսի 12-ի դրությամբ իրենց հաշվին ընդամենը 611 հազար 438 դրամ է եղել, ինչը բավարար չէ գրասենյակների սպասարկման ու քարոզարշավի ծախսերի համար:

Անցած շաբաթ էլ իշխանությունները տարածելով մեկ այլ ռուսական լրատվամիջոցի հրապարակում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքն առաջնորդող Սամվել Կարապետյանին ռուսական գործակալ լինելու համար էին մեղադրում, այդ պնդումների հիմքն էլ The Insider-ի հրապարկմանը կցված մի էկրանապատճեն էր, որտեղ Սամվել Կարապետյանի աշխատավայրի դիմաց գրված է ФСБ: Նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, նույն նշումով մի քանի այլ անձանց տվյալներ է հրապարակել՝ պնդելով, թե 90-ականներին Ռուսաստանում սա տարածված պրակտիկա է եղել, 1960-70-ականներին ծնվածների աշխատանքային վայրը տեղեկատվական բազաներում հենց այդպես են ներկայացրել:

Մինչ ընդդիմադիր ուժերի հասցեին տարատեսակ մեղադրանքներ են հնչում, իրավապահները մինչ այս պահը ընթացք չեն տվել քարոզարշավի ընթացքում տարբեր մարզերում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին վարչական ռեսուրսի կիրառման ահազանգերին:

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածուն դեռ ավելի քան տասն օր առաջ իրավապահներին էր դիմել Արմավիրի մարզում ուսանողներին «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքին մասնակցել պարտադրելու դեպքի վերաբերյալ: Թաթոյանը պնդում է՝ իշխանությունները վախի մթնոլորտ են տարածում.

«Սպառնալիքների և վախեցնելու մարդկանց բազմաթիվ դեպքեր կան և համակարգ է գործում վերևից իջնում է դեպի ներքև, կազմակերպված է այնպես, որ կատարողներ են դառնում դասախոսներ, ուսանողներ և այլն և հետո էլ հանկարծ, եթե պարզվում է պատասխանատվության են ենթարկում դպրոցի տնօրենների, դասախոսների և վերևի մակարդակը մնում է անպատիժ»,- հայտարարում է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

«Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանը, ի դեպ, նույնպես հայտնում է, որ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման ահազանգերով իրավապահներին են դիմում: Իոաննիսյանը նաև հայտնում է, թե ընդդիմադիրների ընտանիքների անդամներին աշխատանքից ազատելու դեպքերի արժանահավատ ահազանգեր ունեն և պատրաստ են նման դեպքերի ապացույցներ տրամադրողներին մի կլորիկ գումար վճարել ու իրավաբանական աջակցություն տրամադրել՝ տեղեկատվություն հայտնողի գաղտնիությունը պահելով:

Իրավապահներն անարձագանք են թողնում ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառման, այլև վարչապետ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին «սատկացնելու, կզացնելու» հայտարարությունները: Ընտրությունների կազմակերպիչ պատկան մարմինը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ Փաշինյանի արտահայտություններում բռնության կիրառման սպառնալիք չի տեսնում:

Մինչ վարչապետի հետ բանավիճելուց հետո արցախցի Արթուր Օսիպյանն արդեն շուրջ երկու շաբաթ է զրկված է ազատությունից, ԿԸՀ-ը պնդում է՝ վարչապետի բառապաշարը թեև զսպված ու կոռեկտ չէ, սակայն սպառնալիքի ու ցանկացած այլ տեսակի հարկադրանքի ընկալում չի առաջացնում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG