Մատչելիության հղումներ

Կիևի նոր մարտավարությունը. ինչո՞ւ է Ուկրաինան հարվածում Wildberries-ին

Կիևը ռազմաճակատում իրավիճակը փոխելու նոր տակտիկա ունի՝ պատերազմը տեղափոխել Ռուսաստանի բնակչության առօրյա կյանք։ Որ նրանք էլ զգան այն, ինչ 4.5 տարի արդեն զգում են ուկրաինացիները՝ Ռուսաստանի սկսած պատերազմից ի վեր։

Ու թեև այս ընթացքում, ըստ հետաքննող լրագրողների, ռուսական կողմից ավելի քան 1.5 միլիոն մարդ է զոհվել, ռուսաստանցիներից շատերի համար պատերազմը, այսպես ասած, առանձնացված իրականություն է՝ մշտական, բայց խլացված ֆոնային աղմուկի նման:

Ուկրաինան ցանկանում է փոխել դա, նպատակ ունի «պատերազմից բխող» առօրյա դժվարություններ ստեղծել շարքային ռուսաստանցիների համար:

Օրինակ՝ հարվածներ Wildberries-ին:

Սա երկրի ամենամեծ առցանց մանրածախ վաճառքի հարթակն է: Հուլիսի կեսերից Wildberries-ի առնվազն 10 լոգիստիկ կենտրոն է թիրախ դարձել, առաքման ցանցի մինչև 10 տոկոսը շարքից դուրս է բերվել:

Wildberries-ում ապրանք վաճառողները զայրացած են, հիասթափված. կորցրել են իրենց եկամտի աղբյուրը:

Մեկ ուրիշ թիրախ: Գարնանից Ուկրաինան հարվածում է նաև Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, խողովակաշարերին և նավթի արտահանման տերմինալներին։

Ինչի հետևանքով լցակայաններում հսկայական հերթեր են, վառելիքի պակաս, զայրացած մարդիկ:

Նույնը նաև Ղրիմում. 2014-ից ռուսական օկուպացիայի տակ գտնվող այս տարածքում Ուկրաինան թիրախավորում է էլեկտրական ենթակայանները, էլեկտրացանցը և վառելիքի մատակարարումները։

Արդյունքում պարբերաբար էլեկտրաէներգիա կամ վառելիք չկա:

Բայց արդյո՞ք «քաղաքացիական» թիրախներին հարվածելը միջազգային իրավունքի խախտում չէ: Ուկրաինայի տեսանկյունից՝ ոչ։

Օրինակ՝ Wildberries-ում մինչև վերջերս որոշ ապրանքներ հատուկ գրությամբ էին վաճառվում՝ «ամեն ինչ ՍՎՈ-ի համար»:

Մյուս կողմից ռուսական կործանիչները, տանկերն ու ռազմական բեռնատարները վառելիքով են աշխատում, այլ բան, որ եթե շարքից դուրս են բերվում նավթավերամշակման գործարանները, ապա վառելիք չեն ստանում ոչ միայն այդ տանկերը, այլև սովորական վարորդները։

Դեռ վաղ է ասել՝ այս ռազմավարությունը աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, բայց եթե հավատանք հենց ռուսաստանյան հարցումներին՝ երկրում այս օրերին իսկապես ավելի հոռետեսական տրամադրություններ ունեն:

Իսկ սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին դա, մեղմ ասած, լավ նորություն չէ Կրեմլի համար։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG